«Մամ, պատերազմը պատերազմ է, մենք պետք է գնանք»․ պատերազմի առաջին օրը Արամ Մինասյանը կամավոր էր մեկնել ճակատ


«Մամ, պատերազմը պատերազմ է, մենք պետք է գնանք»․ պատերազմի առաջին օրը Արամ Մինասյանը կամավոր էր մեկնել ճակատ
Սեպտեմբեր 21 19:24 2021



Արամ Մինասյանը կամավոր մեկնել էր առաջնագիծ պատերազմի առաջին օրը։ Նա նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակից էր՝ թեպետ բանակում չէր ծառայել։ Արամը մասնագիտությամբ ստոմատոլոգ էր։

«Խելքն իրենը չէր հայրենիքի համար։ Անընդհատ մեկ ոտքն Արցախում էր։ Իր ընկերների մեծամասնությունը արցախցի են։ Արամն իմ միակ որդին է։ Հայրը մահացավ, երբ ինքը երկու տարեկան էր։ Ես էլ հաշմանդամություն ունեմ ու ինքն իմ խնամակալն էր։ Պատերազմ գնալիս ասացի՝ Արամ ջան, սա ուրիշ պատերազմ է։ Ասաց՝ մամ, պատերազմը պատերազմ է, մենք պետք է գնանք, մեր երեխեքին, ձեզ ո՞վ պետք է պաշտպանի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արամ Մինասյանի մայրը Անահիտ Ստեփանյանը։

Արամը զոհվել է հոկտեմբերի 9-ին Հադրութում։

«Տագնապ է եղել, իրենց ջոկատը գնացել է Հադրութ՝ տղաներին օգնության։ Հենց հասել են Հադրութ, սմերչն ընկել է իրենց մեքենայի վրա։ Չորս հոգի են եղել մեքենայում, չորսն էլ մահացել են»,- նշեց Արամի մայրը։

 

Արամն ամուսնացած էր, ուներ երկու երեխա։