Վերջին զրույցը տղայիս հետ ավարտվեց երգով. Արման Աղվանյանը կյանքը զոհեց Ջաբրայիլի մատույցներում


Վերջին զրույցը տղայիս հետ ավարտվեց երգով. Արման Աղվանյանը կյանքը զոհեց Ջաբրայիլի մատույցներում
Սեպտեմբեր 7 13:00 2021

Կողքի աչքերով, որ նայենք Արմանս շատ լուրջ, խիստ բնավորության տեր տղա էր, բայց իր շրջապատում, իր հարազատների մոտ կենսուրախ, զվարթ, ընկերասեր էր, ձգտում էր հասնել լավագույնին: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց Գայանե Դավթյանը իր որդուն՝ Արման Աղվանյանին, որը 44-օրյա պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի:

Արմանը ծնվել է 2000 թ. օգոստոսի 10-ին, ապրել և մեծացել է քաղաք Վանաձորում. «Տղաս շատ հայրենասեր էր, բազմակողմանի զարգացած թե՛ սպորտում, թե՛ ինտելեկտով։ Ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի ու ջրագնդակի սպորտաձևերում հասցրել էր լուրջ հաջողություններ ունենալ»,- հպարտությամբ պատմում է Արմանի մայրը:

 
 

Հերոսը 2018 թ. անվճար հիմունքներով ընդունվել էր Սլավոնական համալսարանի իրավագիտության բաժին։ Առաջին կիսամյակը ավարտելուց հետո նա 2019 թ. հունվարի 13-ին մեծ հպարտությամբ զորակոչվեց բանակ՝ հայրենիքին ծառայելու. «Տղաս պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում էր Ստեփանակերտում։ Ուներ սերժանտի կոչում, դասակի հրամանատարի տեղակալ էր։ Ստացել է «Լավագույն զինվոր- մարզիկ» շքանշանը»,- պատմում է Գայանե Դավթյանը։

Սեպտեմբերի 27-ից Արմանը եղել է պատերազմի թեժ մարտերում, սակայն ընտանիքի անդամները, մինչև վերջին օրն էլ, չեն իմացել այդ մասին. «Սեպտեմբերի 27-ին Արմանը չի զանգահարել մեզ, բայց դրանից հետո ամեն օր զանգում էր, բայց մեզ չէր ասում, որ մարտի դաշտում է, մենք էլ, որ կրակոցի ձայներ չէինք լսում, չէինք էլ մտածում, որ հնարավոր է՝ մեր երեխան պատերազմում է: Հիմա ենք հասկանում, որ Արմանը մեզ զանգահարել է տանկի ներսից, որ ձայներ չլսենք ու չանհանգստանանք իր համար»,- հուզմունքով պատմում է հերոսածին մայրը:

 
Գայանեն նշում է, որ Արմանը շատ կապված էր իր Մանուշ տատիին, որին պատերազմի օրերին զանգահարեց և խնդրեց, որ իր հետ երգի. «Այն օրը, երբ Գյանջան խփեցին Արմանս զանգեց ու տատին ստիպեց իր հետ երգել «Արազն անցա էն կուռը, քաղեցի Գյանջա նուռը»,-վերհիշելով պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Արմանը, երբ զանգահարում էր միշտ բարձր տրամադրություն ուներ, սակայն դա չէր խանգարում նրան ամեն անգամ տալ միևնույն հարցը. «Մա՛մ, ի՞նչ են ասում հեռուստացույցով, ի՞նչ է լինելու»,- նշեց Արմանի մայրը:
 
Հերոսը տանեցիների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին, այս անգամ էլ նա հեռախոսազրույցը ավարտել է հայրենասիրական երգով. «Հոկտեմբերի 8-ին տղաս զանգեց վերջին անգամ, ասաց, որ եթե 2 օր չզանգի, չանհանգստանանք, ուրեմն հեռախոսը լիցքավորում չունի, բայց, ցավոք սրտի, դա եղավ մեր վերջին հեռախոսազրույցը...միշտ երգելով էր ավարտում իր զրույցը, այս անգամ էլ երգելով ավարտեց, բայց ընդմիշտ....»,- հուզմունքով ասաց Գայանեն:
 
Հերոս Արման Աղվանյանը կյանքը զոհեց Ջաբրայիլի մատույցներում։ Նա թշնամու արձակած գնդակից ստանում է գլխից մահացու վիրավորում, ինչից հետո տանկը շուռ է գալիս:
 
Զվարթ Պետրոսյան