«Մի թիզ հող չունենք թշնամուն զիջելու»։ Իր այս սկզբունքին հավատարիմ հերոս Արամայիս Ոսկանյանը զոհվեց 2016թ. հունվարի 9-ին՝ կյանքի գնով հետ մղել ադրբեջանական դիվերսիան ու պահելով դիրքը անվտանգ։ Արամայիսը օջախի միակ արու զավակն էր։ Երեք քույրերից հետո՝ նրա ծնունդը երկար սպասված երջանկություն էր ընտանիքում։ Ծնվել է 1996թ. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Մանկավարժի ընտանիքում դաստիարակված Արամայիսը իր անձնուրաց նվիրվածությունը հայրենիքին՝ հետագայում դրսևորեց ծառայության տարիներին։ Մայրը՝ Անուշ Հակոբյանը պատմում է,- «Որդիս անընդհատ ասում էր թշնամին շատ լավ է զինված, հզոր զենքեր ունի, բայց մեր կամքից հզոր չի կարող լինել։ Նա մեր ուժեղ ոգուց մահու չափ վախենում է»։ Արդեն Երևանի պետական Ագրարային համալսարանի ուսանող էր, երբ անցավ ծառայության՝ Արցախի Մարտունու 3-րդ պաշտպանականում։ Բանակն իր երկրորդ տունն էր համարում։
Մինչ ծառայությունը՝ վաղ տարիքից մեծ հետաքրքրություն ուներ նորագույն տեղեկատվական, համակարգչային տեխնոլոգիաների հանդեպ։ Տիրապետում էր գրեթե բոլոր ծրագրերին, ստեղծել էր տարբեր կայքեր և բիզնես-էջեր։ Ուներ սեփական բլոգ՝ «Բան ու գործ» անվանմամբ։ Ստեղծել էր նաև վիրուս-համակարգ՝ որը կոչվում է «Stop» և մինչ այժմ էլ պահպանվում է։ Այս ծրագրով նա ջնջել էր ադրբեջանական կարևոր նշանակության կայքեր։ Երազում էր դառնալ ծրագրավորող։
Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ինչպես նաև «ՀՀ Երկրապահ», և «Մարտական ծառայություն» հուշամեդալներով։
Արամայիս Ոսկանյանի անունն է կրում հարազատ կրթօջախի Ռազմագիտության կաբինետը։
Հավերժ փառք և խոնարհում Հայրենիքի ազատության սուրբ գործին կյանքը նվիրաբերած Հերոս Արամայիսին: