Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեյտենանտ Արթուր Օհանջանյանն է։ Արթուրի դեպքի մասին դեռ օրեր առաջ էի ասել, որ գրելու եմ, բայց մի քանի ճշտելու բան կար։ Եվ հիմա ամեն ինչ պարզ է.. Արթուրը Հադրութի շրջանի Ազոխ գյուղից էր։ 2 տարեկան էլ չկար, երբ նրա հայրը զոհվեց Արցախյան առաջին պատերազմում, 1994թ. հունվարի 7-ին։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո Արթուրը ծառայության է անցնում ՊԲ-ում։ Առաջին օրից մասնակցել է պատերազմին։ Հադրութի անկումից հետո զորքի մի մասը Վարանդայից (Ֆիզուլի) տեղափոխում է Մարտունի 2։ Նոյեմբերի 3-ին, դիպուկահարի կրակոցից Մարտունու պաշտպանական շրջանի «Ըլբալի» տեղմասում զոհվում է Արթուրը...
Նոյեմբերի 2-ից արդեն Արթուրի հարազատները նրանից լուր չունեին, այնինչ Արթուրի դին լրիվ ճանաչելի վիճակով նոյեմբերի 6-ից եղել է դիահերձարանում, գրպաններում՝ անձնագիր, վարորդական իրավունք, բանկի քարտ։ Դեպքին ականատես եղած զինվորներն ասել են, որ Արթուրը զոհվել է։ Կինն ու հարազատները նրան փնտրել են բոլոր դիահերձարաններում։ Բոլոր տեղերում ասել են, որ նման անուն, ազգանունով մարդ չկա իրենց մոտ...
Արթուրի 6-ամյա որդուց ԴՆԹ անալիզ են վերցնում 2020 թվականի նոյեմբերի 25-ին, 2021 թվականի օգոստոսի 18 զանգում ասում են, որ համընկում կա... Օգոստոսի 22-ին՝ 9,5 ամիս անց, Արթուրի դին հողին են հանձնում Ստեփանակերտում, այնինչ նա ճանաչելի ու իդենտիֆիկացված է եղել զոհվելու հաջորդ իսկ օրը։
9,5 ամիս Արթուրի դին «պահել» են Մեծամորի դիահերձարանում այնքան, մինչև անճանաչելի է դարձել։ Ես տեսել եմ դիահերձարանում նոյեմբերի 6-ին քննիչի արած լուսանկարը։ Արթուրը լիովին ճանաչելի էր։ 9,5 ամիս անց էս տղուն հուղարկավորեցին փակ դագաղով։
Տղերքի մարմիններն ամիսներով պահեցին սառնարաններում, որպեսզի նիկոլի ասած 4000 զոհերի թիվը հանկարծ չանցնի...
Արթուրի կինն ու 2 որդիները՝ 6 ու 3 տարեկան, այսօր բնակվում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում՝ տեղահանվածի կարգավիճակով, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորները թուրքին են հանձնել նրանց Ազոխի տունը։ Անհայրենիք «մարդիկ» Արթուրի կնոջն ու երեխաներին զրկեցին ամուսնուց ու հորից, ամիսներով սառնարաններում պահեցին նրա դին ու ի վերջո զրկեցին նաև մարդավայել վերջին հրաժեշտ տալու հնարավորությունից...
Արթուրը 28 տարեկան էր»: