Արթուր Ալեքսանյան. Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել (ֆոտո)


Արթուր Ալեքսանյան. Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել (ֆոտո)
Օգոստոս 4 20:57 2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում.

«Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ ԵՐԿՐԻ համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»: 

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:

Տոկիո-2020-ում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում նա 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին, որի դեմ գոտեմարտի վերջնամասում ստացել էր ոտքի մկանային վնասվածք: Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին: