Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը


Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը
Հուլիս 30 17:39 2021

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթները Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Մրցումային 10-րդ օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի է դուրս եկել միայն լողորդ Արթուր Բարսեղյանը, որը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում: Որակավորման փուլում Բարսեղյանը 5-րդ մրցահերթում 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 3-րդ, իսկ ընդհանուր 73 լողորդների պայքարում՝ 43-րդ տեղը և զրկվել մեդալակիր դառնալու հնարավորությունից: Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները: Ավելի վաղ Բարսեղյանը մրցելույթ էր ունեցել 100 մետր ազատ ոճում, որտեղ ևս չէր հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

 

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 17 ներկայացուցիչ, որոնցից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) ավարտել են մրցելույթները: Պայքարը սկսել են նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը. Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ, Դարչինյանը և Բաչկովը մեկական հաղթական մենամարտ են անցկացրել՝ նվաճելով համապատասխանաբար 1/4 և 1/8 եզրափակիչների ուղեգրեր: Վաղը՝ հուլիսի 31-ին, հայ օլիմպիականներից մրցելույթ կունենա Հովհաննես Բաչկովը: Նա քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: