Ինչո՞ւ է արժեւորվում դրամը.ռիսկերը մեծ են (գրաֆիկ)


Ինչո՞ւ է արժեւորվում դրամը.ռիսկերը մեծ են (գրաֆիկ)
Հուլիս 7 22:28 2021

2020 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի Հանրապետության դեմ  սանձազերծված պատերազմը երկրորդ անգամ ցնցեց  Հայաստանի տնտեսությունը, որը դեռեւս չէր հաղթահարել Covid – 19 կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամը:

Մասնավորապես, 2020 թվականի ընթացքում տեղի ունեցան ԱՄՆ դոլարի փոխարժեքի երկու էական տատանումներ,  որոնցից առաջինը՝ գարնանը, իսկ երկրորդը՝ պատերազմի ավարտից հետո; Մասնավորապես, մարտ ամսվա սկզբից ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճեց 5.2%-ով, իսկ ապրիլին կրկին մոտեցավ նախաճգնաժամային մակարդակին:

Հարկ է նշել, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո՝ ֆինանսական եւ տնտեսական զարգացումների անորոշության պայմաններում, ԱՄՆ դոլարի փոխարժեքը սկսեց էականորեն բարձրանալ՝ սահմանելով փոխարժեքի փոփոխության նոր միջակայք:  Այդ  ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը գերազանցեց 500 դրամի սահմանը, ինչից հետո մինչ 2021 թվականի ապրիլ որոշակի տատանումներով շարունակեց բարձրանալ՝ ընդհուպ   537 դրամ:

Ուշագրավ է, որ Հայաստանում ս/թ հունիսից սկսեցին նկատվել դրամի արժեւորման միտումներ: Մասնավորապես, հայկական դրամի ԱՄՆ դոլարի նկարտմամբ զգալի արժեւորում գրանցվեց հատկապես հունիսի 25-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմեց 499.38 դրամ՝  նախորդ օրվա համեմատ նվազելով  միանգամից 8.52 դրամով:

https://www.armstat.am/file/article/sv_04_21a_430.pdf

Ուսումնասիրություններից կարելի է  եզրակացնել, որ ԱՄՆ դոլարի էժանացումը պայմանավորված է ինչպես տնտեսական, այնպես էլ հոգեբանական գործոններով:

Նախևառաջ ամռան սկզբին արագ տեմպերով սկսում է իրականացվել Հայաստանից պտուղ – բանջարեղենի արտահանման գործընթացը (հատկապես՝  հայկական ծիրանի): Բացառություն էր միայն 2020 թվականը, երբ  կորոնավիրուսային համավարակով պայմանավորված լոքդաունի պատճառով արտահանումը զգալիորեն տուժեց: Այս ժամանակահատվածում արտահանողները սկսում են ԱՄՆ դոլար ներմուծել ՀՀ տնտեսության մեջ, ինչի արդյունքում արտարժույթի առաջարկն ավելանում է, և դրամն արժևորվում է:

Այս տարին առանձնանում է նաև նրանով, որ նկատվում է արտահանման ծավալների զգալի աճ: Համաձայն՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականի հունվար – մայիս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են մոտ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 20.8%-ով: Արտահանման ծավալների աճի վրա զգալի ազդեցություն է թողել նաև միջազգային շուկայում պղնձի թանկացումը,  որը հունիսի ընթացքում հասել է իր պատմական առավելագույն արժեքին:  Միաժամանակ, ուսումնասիրվող ժամանակահատվածում ներմուծումն աճել է ավելի համեստ տեմպերով (6.7%-ով), որի պարագայում հակառակ գործընթացն է, այսինքն՝ արտարժույթը գնում է երկրից դուրս:

ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժևորմանը նպաստել է  նաև արտերկրից Հայաստան  դրամական փոխանցումների աճը, որի արդյունքում ևս ավելացել է հանրապետությունում արտարժույթի առաջարկը: Մասնավորապես,  ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով՝ 2021 թվականի հունվար – ապրիլ ամիսների ընթացքում առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան  ուղարկել են 573.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 129 մլն  դոլարով կամ 29.1%-ով:

Անհրաժեշտ է նշել նաև, որ հայկական դրամի արժևորման վրա ազդել է նաև պետական պարտքի ավելացումը: Այսպես՝ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներով՝ 2021 թվականի մայիսի 31-ի դրույթամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 8 լրդ 816 մլն ԱՄՆ դոլար, որը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճել է 847.5 մլն  դոլարով կամ 10.6%-ով:

Բացի դրանից, հունիսի 15-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5%-ով՝ սահմանելով այն 6.5%:

Թեև զբոսաշրջության վերաբերյալ թարմ վիճակագրական տվյալներ դեռևս հրապարակված չեն (վերջինը 2021 թվականի հունվար – մարտ ամիսների վերաբերյալ տվյալներն են), սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ս/թ մայիս ամսից նկատվում է օտարերկրյա զբոսաշրջիկների որոշակի հոսք, որի արդյունքում ևս ԱՄՆ դոլար է ներմուծվում ՀՀ տնտեսություն:

Ամփոփելով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ ՀՀ դրամի արժևորումը վկայում է տնտեսության մեջ դրական փոփոխությունների և վերականգնողական փուլ մտնելու մասին: Միաժամանակ, բնակչությունն ակնկալում է նաև ապրանքների գնանկում, ինչը, առաջին հերթին, պետք է արձանագրվի ներմուծվող ապրանքների դեպքում: Այս պարագայում,  վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի վրա ազդում է ժամանակային լագով: Այսինքն՝ դրամի երկարաժամկետ կայունացման մասին հնարավոր է խոսել առնվազն ներկա միտումների պահպանման և բարելավման պարագայում: