Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մի շարք անձանց մոտ հակամարմին չի առաջացել, ավելին՝ արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը։
«Իմ ընկերներից մեկը պատվաստումից մոտ ամիս հետո վարակվել է կորոնավիրուսով»,- ասել է Ն. Ներսիսյանն ու ավելացրել, որ նման պայմաններում խոսել այդ պատվաստանյութերի՝ «դելտա պլյուս» շտամը դեմ պայքարի մասին անիմաստ է։
«Դելտա պլյուս» շտամը ամբողջովին չեն հետազոտել և չեն հասկացել, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ, ապա խոսել այն մասին, թե որքանով պատվաստումը կարող է օգնել «դելտա պլուս» շտամի դեմ, ծիծաղելի է: Այսինքին՝ մութ սենյակում սև կատու ենք ման գալիս», - ասաց բժիշկը:
Նրա տեղեկություններով՝ Հայաստանում տարիքով մարդկանց հիմնականում պատվաստում են AstraZeneca պատվաստանյութով:
«Sputnik V-ն ավելի անվնաս է: Սակայն, ես որպես բժիշկ դեմ եմ կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստումներին, քանի որ դրանք չեն անցել թեստավորման փուլ, հետեւապես խոսել այն մասին, թե որն է ավելի անվտանգ, կամ ավելի արդյունավետ անլուրջ է: Ցանկացած պատվաստանյութ, որը չի անցել թեստավորման փուլ չի կարելի համարել անվտանգ»,- շեշտել է Ներսիսյանը:
Բժիշկի դիտարկմամբ՝ կառավարությունը պետք է ավելի լուրջ վերաբերվի նոր շտամին և քայլեր ձեռնարկի՝ կանխելու դրա ներթափանցումը և տարածումը Հայաստանում:
«Մենք արդեն հասկացել ենք, որ պինցետով և օղիով պայքարել կորոնավիրուսի դեմ հնարավոր չէ: Նախ և առաջ, կարելի է ժամանակավորապես փակել սահմանները, բայց փակել ամբողջովին: Երբ կորոնավիրուսը նոր էր սկսել տարածվել, մենք փակել էինք միայն ցամաքային սահմանը, իսկ հիմա պետք է փակել եւ օդային սահմանը, եւ ցամաքայինը: Կամ գոնե պետք չէ երկիր թողնել այն ուղեւորներին, որոնք չունեն բացասական թեստ: Սակայն, այս կառավարությունը ոչինչ չի անում, իսկ եթե անում է, ապա սխալ: Պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն և այդ դեպքում, մենք ավելի ապահով կլինենք»,- եզրափակեց Ներսիսյանը:
Նշենք, որ աշխարհում շատ արագ տարածվում է կորոնավիրուսի՝ հնդկական «դելտա պլյուս» շտամը, որն ավելի վտանգավոր է և մահաբեր, քան կորոնավիրուսի մյուս շտամները։
ԱՀԿ-ն արդեն հայտարարել է, որ աշխարհում հնարավոր է նոր լոքդաուն՝ «դելտա պլյուս» շտամի հետ կապված: Առողջապահության նախարարությունը իր հերթին հորդորում է քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստվել՝ նշելով, որ պատվաստումները կարող են օգնել նաև շտամների դեմ:
Հեղինակ՝ Անի Մշեցյան