Շուտով պետք է գալու մոբիլիզացնել մեր բոլորիս ջանքերն այս իշխանությունների ձախողումների հետևանքները հաղթահարելու համար. Լևոն Զուրաբյան


Շուտով պետք է գալու մոբիլիզացնել մեր բոլորիս ջանքերն այս իշխանությունների ձախողումների հետևանքները հաղթահարելու համար. Լևոն Զուրաբյան
Հունիս 24 16:16 2021

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բոլորիդ հայտնում եմ խորին երախտագիտություն ընտրարշավի ընթացքում հոյակապ աշխատանքի համար, որի մեջ դուք ներդրեցիք ձեր ամբողջ եռանդը, նվիրվածությունը և սերը մեր երկրի նկատմամբ: Ընդամենը 30 օրվա ընթացում մենք կարողացանք ներկայացնել մեր հասարակությանը ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, Հայաստանի զարգացման մեր ծրագրերը, իրատեսական քաղաքականության վերադարձի անհրաժեշտությունը:

Ցավոք, աղքատության և կախվածության մեջ գտնվող մեր ժողովրդի վրա ադմինիստրատիվ ռեսուրսի ու պետական/մասնավոր գործատուների ճնշումները, ինչպես նաև օլիգարխներին պատկանող փողն ու լրատվամիջոցները գերի են վերցրել մեր ընտրական և, լայն իմաստով, քաղաքական համակարգը: Նման համակարգում հաղթում են փող և լծակ ունեցող, հետևաբար, նաև մանիպուլյացիոն տեխնոլոգիաների տեր քաղաքական ուժերը, և ոչ ռացիոնալիզմը կամ քաղաքական միտքը։
 
Վհատվել չկա։ Որևէ ազգ միևնույն է չի կարող առաջընթաց ունենալ առանց ռացիոնալ քաղաքական մտքի և սթափ հաշվարկի վրա կառուցած ծրագրերի։ Հենց այդ սկզբունքների և գաղափարների շնորհիվ մեզ հաջողվեց մեր կողմ բերել մտածող մարդկանց զգալի հատվածին և, ինչն ամենաոգևորիչն է, ուսման, գիտության, արվեստի և գործարարության մեջ հաջողակ երիտասարդությանը: Մեզ ընդամենը պետք է պահպանել և ընդարձակել ընտրարշավի ընթացքում ստեղծված հոյակապ նոր թիմը և աջակիցների հենարանը հետագա քաղաքական մարտերի համար:
 
Այս իշխանությունների երեք տարվա կառավարումն ապացուցել է, որ նրանք կատարյալ ձախողակ են պետական կառավարման և հաջողել են միայն դեմագոգիայի և հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործում: Կասկած չունեմ, որ շատ շուտով պետք է գալու մոբիլիզացնել մեր բոլորիս ջանքերը նրանց ձախողումների հետևանքները հաղթահարելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար:
 
Շնորհակալություն Կոնգրեսի բոլոր թեկնածուներին, աջակիցներին, ֆիանսական ներդրում կատարողներին, քարոզիչներին և շտաբային աշխատանք կատարողներին: Ռացիոնալիզմը և արդարությունը միևնույն է կհաղթանակեն»։