ՌԴ կառավարությունը 3,2 մլն դոլար կտրամադրի Հայաստանին


ՌԴ կառավարությունը 3,2 մլն դոլար կտրամադրի Հայաստանին
Հունիս 19 11:45 2021

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը Հայաստանի առավել տուժած տարածաշրջանների հետկոնֆլիկտային վերականգնմանն աջակցելու համար: Այդ մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Այդ նպատակով բյուջեից 3,2 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել։ Դեսպանությունը հայկական կողմին արդեն պաշտոնապես տեղեկացրել է այդ որոշման մասին»,-տեղեկացնում է դիվանագիտական ներկայացուցչությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը համակարգային հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված Հայաստանի համակողմանի զարգացմանը:

Այդպիսի աջակցության ընդհանուր ծավալը՝ առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ շրջանների), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, էներգաարդյունավետության ոլորտներում նախագծերի իրականացման գործում, 2010թ.-ից ի վեր արդեն կազմել է շուրջ 70 մլն դոլար: