Կառավարությունը հանձնառու է մշակել առաջիկա 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր. Մհեր Գրիգորյան


Կառավարությունը հանձնառու է մշակել առաջիկա 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր. Մհեր Գրիգորյան
Հունիս 1 12:40 2021

Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ, ինչպես նաև հարկ վճարողների և պետական պարտքի ներքին շուկայում ներդրողների դրական վարքագիծը և արտաքին աշխարհի օժանդակությունը թույլ են տվել Հայաստանում ապահովել կայուն մակրոմիջավայր: Այս մասին այսօր ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:

Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, որ 2020-ին համավարակը և Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ ու խնդիրներ էին առաջացրել կառավարության ծրագրով հայտարարված նպատակերը նախանշված ծավալով և ժամկետում իրագործելու համար: «2020-ը դիտարկվել է որպես բացառիկ, ինչը թույլ է տվել բյուջետային փոփոխություններով ճկուն արձագանքել ցնցումներին: Համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված՝ պետական բյուջեում ավելացել են նաև առողջապահական և ռազմական ծախսերը»,-ասաց նա:

Անդրադառնալով պետական պարտքին` նա նշեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական անկման պայմաններում պահանջված հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորման աղբյուր հանդիսացավ նաև պետական պարտքի կանխատեսվածից ավել ներգրավումը: «Այս զարգացումների արդյունքում կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ գրանցել է զարգացող երկրների պարտքի բեռին համադրել աճ և հատել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս սահմանային շեմը, որի պայմաններում կառավարությունը հանձնառու է մշակել և հրապարակել առաջիկ 5 տարիներին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից նվազեցնելու միջոցառումների ծրագիր:

2020-ի ամբողջ ընթացքը բացահայտել է, որ, չնայած համաշխարհային և տարածաշրջանային խորքային ցնցումներին երկրում ձևավորված պետական ինստիտուտների կայացած լինելը, բոլոր թերություններով հանդերձ, հնարավորություն է ընձեռել իրականացնել շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն և համարժեք հակաճգնաժամային միջոցառումներ՝ պահպանելով դրամավարկային և հարկաբյուջետային կայուն միջավայր»,-ասաց նա: