Պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել, մեկ անձից գնումներն աճել են, 109 միջոցառում՝ ավելի քան 67,3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, չի կատարվել. Լևոն Յոլյան


Պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել, մեկ անձից գնումներն աճել են, 109 միջոցառում՝ ավելի քան 67,3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, չի կատարվել. Լևոն Յոլյան
Հունիս 1 12:50 2021

Ներքին աուդիտի ոլորտում արձանագրվել է, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել, ինչը մտահոգիչ է: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Ծրագրային բյուջետային ոլորտում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրային միջոցառումներից 17,7 տոկոսի գծով դեռևս ոչ մի արդյունքային ցուցանիշ սահմանված չէ, հետևաբար այդ միջոցառումների արդյունավետությունն անհնար է գնահատել:  Բացի այդ, շարունակում է փոքր մնալ առանձնակի կարևորություն ունեցող որակական ցուցանիշների տեսակարար կշիռը և այն կազմում է 14,9 տոկոս»,-ասաց նա:

Լևոն Յոլյանը մտահոգիչ համարեց պետական պարտքի զգալի աճը: «Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեց վերին 60 տոկոսանոց շեմը՝ կազմելով 63,5 տոկոսը: Մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով ՀՀ-ն արդեն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների խմբից տեղափոխվել է միջին պարտքի բեռ ունեցող երկրների խումբ»,- ասաց նա և կարևորեց առաջիկա հինգ տարիների համար մշակել պարտքի ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու ծրագիր:

«Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 109 միջոցառում ավելի քան 67,3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով չի կատարվել, այլ կերպ ասած՝ դրանց գծով վճարումներ չեն իրականացվել: 68 միջոցառումների փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50 տոկոսից ցածր՝ առաջացնելով 24,6 միլիարդ դրամի շեղում: Թվով 17 միջոցառումներ օրենքով նախատեսված չեն եղել, Կառավարությունը դրանք ճշտված ծրագրով ավելացրել է 1,5 միլիարդ դրամի չափով, սակայն հետագայում դրանց գծով վճարումներ չեն կատարվել, այսինքն՝ փաստացի չեն կատարվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պետական գնումներին, ապա Լևոն Յոլյանը նշեց, որ 2020 թվականի պետական մարմինների կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձի գնման միջոցով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 4,4 տոկոսով: «Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել: Հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման սկզբունքի առնչությամբ»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցությունից Արտակ Մանուկյանը նշեց, որ պետական գնումները պետք է աճեին, քանի որ քովիդով պայմանավորված հրատապ գնումներն ավելացել են: Իսկ Յոլյանն ասաց, որ իրենք ներկայացրել են այն իրավիճակը, որը կա և մեկ անձի գնումները 4,4 տոկոս աճ է արձանագրվել: