Արցախյան առաջին պատերազմը տիկին Աննայից խլեց ամուսնուն՝ Լյովա Խաչատրյանին, Արցախյան երկրորդ պատերազմը՝ 30-ամյա որդուն՝ Հովիկին։
«Մի տարի երեք ամսական էր, երբ հայրը զոհվեց Ոսկեպարում՝ 1991 թվականի մայիսի 6-ին։ Իգնատ Մամյանը գիրք ունի հեղինակած՝ «Եղերական լուսաբաց», Ոսկեպարի 13 միլիցիոներներն են, մեկ էլ Լյովան ու իր ընկերը՝ Գեղամը Եղվարդից․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հովիկ Խաչատրյանի մայրը՝ Աննա Խաչատրյանը։
Աշխույժ ու ժպտերես տղա էր Հովիկը, դպրոցական տարիքից զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլի խմբակ էր հաճախում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին, բազմաթիվ հաջողությունների էր հասել սպորտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել էր ծառայության, իսկ զորացրվելուց հետո որոշել էր իրեն նվիրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և որպես պայմանագրային զինծառայող՝ աշխատանքի էր անցել ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում։
«Զորամասում աշխատելուց 6 ամիս հետո հրամանատարը զեկուցագիր խնդրեց, որ եթե ուզում ես կոչում ստանալ՝ պարտադիր պետք է վերապատրաստում անցնես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Զեկուցագրից հետո 2015 թվականին 6 ամիս վերապատրաստվեց ռազմական համալսարանում, ստացավ լեյտենանտի կոչում, այնուհետև Պաշտպանության նախարարի հրամանով գործի անցավ Արարատի զորամասում»,- պատմեց տիկին Աննան։
Արարատի, Կապանի, այնուհետև սեփական դիմումի համաձայն՝ Քարվաճառի զորամասերից մեկն էր տեղափոխվել և մինչև 2018 թվականը՝ պայմանագրի ժամկետի լրանալը, ծառայել է Քարվաճառում։ Որոշ դադարից հետո զինվորականի գործով հրապուրված Հովիկը ևս մեկ դիմում ուղարկեց Պաշտպանության նախարարություն, որպեսզի շարունակի ծառայությունը ՀՀ Զինված ուժերում։ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին հրամանը եկել էր, սեպտեմբերի 24-ին կրկին վերադարձավ Քարվաճառի նույն զորամաս, արդեն կոչումը պետք է բարձրացնեին՝ ավագ լեյտենանտ։ Պատերազմը երբ սկսվեց, Հովիկը դիրքերում էր: Պաշտպանության նախարարության հրապարակած զոհերի առաջին ցուցակում էր նաև Հովիկի անունը:
«Հեռուստացույցով լսեցինք, ահավոր էր, սարսափելի էր, ոնց որ պատմությունը կրկնվեց․․․»,- արցունքն աչքերին հիշեց զոհված սպայի մայրը։
Հովիկի մարմինը պատերազմի դաշտից Սասունիկ էր հասել սեպտեմբերի 29-ին՝ ավագ եղբոր ծննդյան օրը, սեպտեմբերի 30-ին նրան հուղարկավորել են Սասունիկի զինվորական պանթեոնում՝ հոր կողքին․․․
Երկու տարի առաջ էր ամուսնացել Հովիկը, գիտեր, որ մի քանի ամսից ծնվելու է իրենց առաջնեկը, բայց ցավոք՝ չհասցրեց վայելել հայր դառնալու երջանկությունը․․․ Տիկին Աննան մեզ ուրախությամբ հայտնեց, որ 2021 թվականի մարտի 13-ին լույս աշխարհ է եկել Հովիկի դուստրը՝ Մարիան․
«Շատ էր սպասում, շատ-շատ, երազում էր, անընդհատ մտածում էր, որ տղա լինի՝ հոր անունը՝ Լյովա կդնի։ Կնոջն ասել էր, եթե տղա լինի՝ ես եմ որոշողը, եթե աղջիկ լինի՝ դու ես որոշողը․․․ Բոլոր երեխեքին, աշխարհին խաղաղություն լինի, անհոգ, երջանիկ մեծանան, թող մանուկների աշխարհում միշտ խինդ լինի, ժպիտ լինի, ծիծաղ լինի, թող խաղաղությունը հարատևի, խաղաղ երկնքի տակ ապրեն մեր երեխեքը»։