News.am-ը գրում է.
Ջաբրայիլի զորամասի շտաբի պետ Արթուր Հակոբյանը սեպտեմբերի 27-ից մասնակցում էր պատերազմին։ Նա նահատակվել էր հոկտեմբերի 5-ին, սակայն աճյունը հարազատների է հանձնվել երեկ՝ ապրիլի 21-ին։ Այսօր նրա հոգեհանգիստն էր։
«Հոկտեմբերի 4-ի առավոտյան մենք առաջադրանքով շարժվեցինք դիրքերից և ընկանք շրջափակման մեջ մի ամբողջ օր։ Ինքը, երբ իմացել էր դա, վիլիսով շարժվել էր դեպի զորամաս, ու այդ պահին կրակել էին ավտոմեքենայի վրա։
Մենք շրջափակումից դուրս եկանք և իմացանք, որ Արթուրը զոհվել է։ Բայց չկարողացանք իրեն դուրա բերել, հակառակորդն առաջ էր գալիս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Հակոբյանի մարտական ընկերը՝ Նշան Հակոբյանը։
Փոխգնդապետ Հակոբյանը պարտաճանաչ ու խստապահանջ հրամանատար էր, որին զինվորները և ենթակա սպաները մեծագույն հարգանքով էին վերաբերվում։
«Ամսի 3-ին՝ մեր վերջին հանդիպմանը մենք առանձնազրույց ունեցանք։ Առաջին անգամ ես իրեն տեսա հուզված։ Նա կանխատեսում էր և իր մահը, և պատերազմի ելքը։
Ինձ ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ գիտեմ՝ ուժեղ ես, վերջին պահին հանկարծ գերի չընկնես։ Ինձ հերոս ընկեր պետք չէ, բայց գերի էլ պետք չէ»,- նշեց Նշան Հակոբյանը։
Փոխգնդապետ Արթուր Հակոբյանն ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 23-ին, Գառնիում։