«Ասաց՝ դե ես գնացի, երեխեքիս լավ կնայես»․ Արցախում զոհված Կարենը 3 անչափահաս երեխա ուներ


«Ասաց՝ դե ես գնացի, երեխեքիս լավ կնայես»․ Արցախում զոհված Կարենը 3 անչափահաս երեխա ուներ
Ապրիլ 20 22:45 2021

 

44-օրյա պատերազմում զոհված 34-ամյա Կարեն Մակարյանն Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից էր: Պատերազմի լուրը լսելուն պես շտապել էր կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և սեպտեմբերի 29-ին կամավորական ջոկատի հետ մեկնել մարտական առաջադրանք կատարելու։ Տղաները սկզբում Սյունիքում են եղել, այնուհետև մեկնել են Արցախ՝ Իշխանաձոր գյուղ։

«Սարդարապատի ջոկատի հետ էր գնացել՝ կամավոր: Նախքան կռվի դաշտ մտնելը, ասաց՝ պապա, ես լավ եմ, երեխքին տեր կկանգնես, մինչև գամ, ու հետո՝ 4 օր անց, լսեցինք, որ մահացել է»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Կարենի հայրը՝ Սպարտակ Մակարյանը։

Կարենը 12 տարի առաջ էր ամուսնացել, երեք անչափահաս երեխա ունեն. մեծը 11 տարեկան է, իսկ փոքրը՝ 2.5: Նրա այրին՝ Ազնիվ Գրիգորյանը, մեզ հետ զրուցելիս ասաց, որ անգամ այդ փաստը Կարենին հետ չպահեց կամավորագրվել ու հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնել․

«Որ ասեց՝ պետք է գնամ, չհավատացի, մտածեցի՝ կատակ է անում, բայց հետո զանգեց, թախծոտ ձայնով ասեց՝ ավտոբուսի մեջն եմ, Ազնիվ, դե ես գնացի, երեխեքիս լավ կնայես»։

Ազնիվը պատմեց, որ ամուսինը դիրքերից հաճախ էր զանգահարում և միշտ վստահեցնում էր, որ իրենց մոտ ամեն բան լավ է, ու հիշեց վերջին հեռախոսային զրույցներն ամուսնու հետ․

«Դեպքից մի 3 օր առաջ ուզում էր տղայիս հետ խոսեր՝ պուճուրի, ասեց՝ խոսեմ, բայց երեխան քնած էր, չկարողացավ այդպես էլ․․․։ Դրանից հետո մի անգամ էլ զանգեց, մեզ ուզում էր կանչեր տուն, որովհետև ինքը գալու էր, մայրիկիս տանն էի ես, ասեց՝ եկեք տուն, որ տենամ ձեզ․․․ Էլ չեմ կարողացել խոսել, հետո ոնց որ սիրտս մի բան զգար, որովհետև ինքն անընդհատ զանգում էր, զանգերը չէր ուշացնում երբեք»։

Կարենը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Իշխանաձորի պաշտպանության համար մղվող մարտերում։ Հուղարկավորությունից օրեր անց նրա հետ նույն ջոկատում կռված տղաներից մեկը պատմել է, թե Կարենն ինչպես է կռվել և ինչպես է սեփական կյանքը վտանգելով՝ փրկել իր կյանքը։

«Այդ պահին Կարենն ասել է՝ Ռոման, պառկիր, ու էդ պահին Կարենին խփել են։ Այդ տղայի մտքից դուրս չէր գալիս, պատմեց շատ հուզված, թախծոտ, ասաց՝ Կարենին շատ եմ հարգում, շատ լավ տղա էր ինքը, մտքիցս դուրս չի գալիս, ընկերասեր էր շատ, այդ պահին իմ կյանքը փրկեց, բայց իրեն չկարողացանք ոչ մի բան անել»,- պատմեց Կարենի այրին՝ Ազնիվը։

Կարենը բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ուներ՝ բոլորն էլ երեխաների ապագայի հետ էին կապված։

«Երազում էր երեխաներին տեսնել լավ մարդ, մեծ տուն էինք երազում, ասում էինք՝ մեծ տուն առնենք, երեխաները մեծանում են, տունն էլ փոքր է․․․ Երազանքներ շատ կար, երազանքներ ունեինք, որ չիրականացան, այդպես էլ մնացին․․․»,- ասաց Ազնիվը։

Տանը՝ Կարենի համար առանձնացված անկյունում, նրա լուսանկարներն են, եռագույնը, հետմահու շնորհված Արիության մեդալը և փոքրիկ եկեղեցի, որի կողքին ամեն երեկո նրա ծնողները, կինը և երեխաները մոմեր են վառում և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Կարեն Մակարյանը հուղարկավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Սասունիկի զինվորական պանթեոնում։

Կարեն Մակարյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 077671441, 077532741։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում