2019թ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան գործով գործով դեպքի վայրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումը քննության առարկա է դարձվել քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
Նշենք, որ փաստաբան Հայարփի Սարգսյանն ի սկզբանե մտահոգություն էր հայտնել առ այն, որ դեպքի վայրում փոփոխություններ են եղել, ինչի առթիվ էլ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Ինչ վերաբերում է Արթուր Աջամյանի համածառայակցին, որը վիրավորում էր ստացել և ամիսներ առաջ էր դուրս եկել կոմայից, Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին այցելել է նրան, որը գտնվում է Մուրացանի հոսպիտալում, սակայն, ցավոք, զրուցել չի կարողացել, քանի որ ներարկում էին կատարել, բուժման նպատակով խոսելու համար բժշկական խոչընդոտներ կային։
«Անկեղծ ասած՝ մտահոգիչ է զինծառայողի բուժման գործընթացը, և խիստ կասկածելի այն հանգամանքը, որ այն պահերին, երբ ես ցանկանում եմ տեսակցել, նրան տեղից տեղ են տեղափոխում, այնինչ, քննիչը հայտնել էր, որ մի քանի ամիս է, ինչ զինծառայողը խոսում է»,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ Մելիքբեկյանը մինչ այդ Վերականգնողական կենտրոնում էր, քննիչին տեղեկացրել է, որ ցանկանում է տեսակցել, հայրը չի առարկել, սակայն տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք՝ այն պատճառաբանությամբ, որ թոքերը լավ չեն աշխատում։
Սարգսյանի խոսքով՝ այդ քրեական գործով միակ ճշմարտացի ցուցմունքը կարող է տալ հենց վիրավոր զինծառայող Դավիթ Մելիքբեկյանը։ Նրան չի հարցաքննել նաեւ քննիչը։ Ինչպես նշեց փաստաբանը՝ քննիչը մեկ անգամ փորձել է հարցաքննել, բայց չէր կարողացել, քանի որ Դավիթը նյարդայնացել է։
Ինչ վերաբերում է Աջամյանի մյուս համածառայակիցներին, մասնավորապես, դիրքի ավագին, որի մաշկի և արյան հետքերն, ըստ փորձաքննությունների, հայտնաբերվել էին Աջամյանի եղունգների տակ, ապա նա հարցաքննվել է, բայց առավել մանրամասն տեղեկություն նախաքննության այս փուլում դեռ չի տրամադրվել։
Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Նույն օրը Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։
Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո