Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ իրենց Instagram-ի էջում արխիվային լուսանկարներ են հրապարակել։
Մասնավորապես, զույգը հրապարակել է 2 լուսանկար, որոնցից առաջինում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը կանգնած են արքայազն Ուիլյամի, Քեյթ Միդլթոնի և նրանց երկու երեխաների կողքին․ նշվում է, որ լուսանկարն արվել է 2015-ին՝ Բալմորալ ամրոցում։
«Այսօր մենք, ինչպես և թագավորական ընտանիքի մյուս անդամները, հրապարակում ենք Էդինբուրգի դուքսի լուսանկարները»,- ասված է լուսանկարին կից գրառման մեջ։
Երկրորդ՝ 2018-ին արված լուսանկարում Մեծ Բրիտանիայի միապետն ու նրա ամուսինը շրջապատված են իրենց 7 ծոռներով։
«Թագուհին և Էդինբուրգի դուքսը՝ 7 ծոռներով շրջապատված, Բալմորալ ամրոց, 2018 թվական»,- գրել են Քեմբրիջի դուքսն ու դքսուհին։
Ընդ որում, նշվում է՝ լուսանկարն արվել է Քեյթ Միդլթոնի կողմից։
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել է իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Ուինձորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է 99 տարեկանում։