Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, Մոսկվայից եկած ինքնաթիռը Երևան է ժամանել ապրիլի լույս 8-ի գիշերը: Այս մասին հայտնում է Երևանում «Россотрудничество»-ի գրասենյակը: Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, ՀՀ ԱՆ-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Երևանում «Россотрудничество»-ի գրասենյակի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:
«Առաջին հերթին պատվաստում կկատարվի ռիսկի խմբի շրջանում: Ես կցանկանայի նշել, որ սա կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է: Սա մեր ժողովուրդների միջև սերտ փոխգործակցության և եղբայրական հարաբերությունների ամենավառ օրինակն է»,-նշել է Պավել Կուրոչկինը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերմանը. արտահայտվել է պատրաստակամություն խորությամբ քննարկելու հարցն ու լուծումներ գտնելու անհրաժեշտ չափաքանակի մատակարարման հարցում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 8-ին Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով: