COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ աճող անորոշություն կա: Երկուշաբթի Կանադայի իմունիզացիայի ազգային խորհրդատվական կոմիտեն (NACI) հրապարակել է նոր ուղեցույցներ, որոնք խորհուրդ են տալիս մինչև 55 տարեկան մարդկանց ներարկումներ չանել՝ թրոմբների առաջացման մասին հաղորդագրությունների հետ կապված մտավախությունների պատճառով: Նոր ուղեցույցը հայտնվել է մի քանի շաբաթ անց, երբ NACI-ն հայտարարել է, որ AstraZeneca-ն չպետք է կիրառվի 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար՝ այս տարիքային խմբի համար դրա արդյունավետության վերաբերյալ սահմանափակ տեղեկատվության պատճառով: Մեկ ամսվա ընթացքում ուղեցույցների փոփոխությունը մտահոգություն է առաջացնում պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ, կարծում են փորձագետները: Քինգսթոն քաղաքի (Օնտարիո) Քուինս համալսարանից վարակիչ հիվանդությունների մասնագետ Ջերալդ Էվանսն էլ նշել է. «Դա մեծ խնդիր է, քանի որ այն հիմնականում խաղում է մարդկանց այն վախերի վրա, ըստ որոնց, հնարավոր է, որ պատվաստանյութն անվտանգ չէ»։ Այդ մտավախությունները կարող են արագ տարածվել այլ պատվաստանյութերի վրա, հավելել է նա։ AstraZeneca ընկերության պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ վտանգավոր բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria-ի, հաղորդվում է եվրոպական EMA բժշկական գործակալության կայքում: Դա տեղի է ունեցել նաև պատվաստումից հետո մահացության մի շարք դեպքերից հետո։ Որոշ երկրներ դադարեցրել են տվյալ դեղամիջոցի օգտագործումը։ |