Նախարար. Չի բացառվում, որ Հայաստանը AstraZeneca-ի պատվաստանյութը ներկրի


Նախարար. Չի բացառվում, որ Հայաստանը AstraZeneca-ի պատվաստանյութը ներկրի
Մարտ 18 12:56 2021

AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները ամբողջ աշխարհում շարունակվում են, իսկ որոշ տեղերում ժամանակավոր կասեցվել են: Պատավաստանյութի՝ Հայաստան ներմուծման հետ կապված գործընթացները կախված են հետազոտությունների արդյունքներից եւ իրադարձությունների ընթացքից. բացառված չէ, որ Հայաստանը ներմուծի AstraZeneca-ի պատվաստանյութը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, մասնագետները պետք է հետաքննեն ոչ միայն պատվաստանյութի որակը, այլն նաեւ դրա՝ տրանսպորտային փոխադրման հետ կապված բոլոր մանրամասները: Մասնագիտական հանձնաժողովի կարծիքներտ հիմք կդառնան հետագա որոշումների համար:

«COVAX facility հարթակով բանակցություններ ենք վարում, այո, նաեւ AstraZeneca-ի հետ, եւ շարունակելու ենք վարել: Մեր որոշումները կայացնելու ենք, հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների եզրակացությունների վրա», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, Հայաստանը չի պատրաստվում կենտրոնանալ միայն մեկ պատվաստանյութի վրա՝ «մի քանի տարբերակ ենք պատրաստվում ունենալ»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին շատ երկրներ սկսել են աստիճանաբար հրաժարվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութից: Մասնագետներին մտահոգում են այն տեղեկությունները, որ պատվաստանյութը կարող է նպաստել թրոմբի առաջացմանը եւ կարող է անվտանգ չլինել:

NEWS.am Medicine