Չունենալով եկամուտների աճ՝ ունենք գնաճ, ինչից սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու, դա էլ իր հերթին բերելու է առողջապահական խնդիրների․ Բաբկեն Պիպոյան


Չունենալով եկամուտների աճ՝ ունենք գնաճ, ինչից սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու, դա էլ իր հերթին բերելու է առողջապահական խնդիրների․ Բաբկեն Պիպոյան
Մարտ 12 17:25 2021

Երկրի սոցիալ–տնտեսական վիճակը վատ է, բացի այդ, մենք չունենալով եկամուտների աճ՝ ունենք գնաճ, բնականաբար սոցիալական վիճակն էլ ավելի է վատանալու։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Սոցիալական վիճակի վատացումն էլ իր հերթին բերում է տարբեր հետևանքներ՝ սկսած առողջապահականից, քանի որ երբ մարդը պարզապես սոված չմնալու համար կատարում է փոփոխություններ և գնում է ավելի էժան մթերքներ, իրեն թվում է, որ սոված չէ։ Օրինակ, եթե մարդ երեկ կերել է 300 գրամ հաց, հարյուր գրամ բանջարեղեն և հարյուր գրամ միրգ, հիմա բանջարեղենի և մրգի փոխարեն էլ է հաց ուտում, իսկ հացը ավելի երկար է իրեն պահում, բայց օրգանիզմի համար օգտակար նյութեր չի պարունակում և հետագայում առաջանում են առողջական խնդիրներ»,–ասաց նա։

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ թեև գնաճ լինելու համար գործոններ կան, բայց դրանց առկայությունը այլ է։ «Մենք ավելի շատ ներկրող երկիր ենք և արտահանող երկրում, երբ ապրանքի գինը փոխվում է, չի կարող չարտացոլվել մեր երկրի վրա, դրան զուգահեռ փոխվել է դրամի արժեքը և կան նաև տրանսպորտային խնդիրներ։ Սրանք գործոններ են և իրենց ազդեցությունից բացի, կարող են ունենալ այլ ազդեցություններ։ Այսինքն՝ բիզնեսը, որը շատ լավ հասկանում է, որ մի քանի գործոն կա, որով, ըստ էության, քաղաքացու ընկալման մեջ հիմնավոր է դառնալու գնաճը, իր հերթին չարաշահման է գնում և գնաճի վրա ավելանում է չարաշահման կոմպոնենտը»,–ասաց նա և նշեց, որ չարաշահումը բացահայտելու հնարավորություն ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Ըստ նրա՝ պետությունը խուսափում է խոսել թվերի տեսքով, երբ չի իրականացնում պատշաճ ուսումնասիրություն և չունի ճշգրիտ թվեր։ «Ոչ մեկ չի ասում, որ թանկանալը տրամաբանված չէ, հարցն այն է, թե արդյոք այնքան է թանկացած, որ երաշխավորված է, որ չկա չարաշահում։ Երբ պետությունը իր գործիքակազմով սկսում է գործառույթներ իրականացնել, այդ գործիքակազմում կա երկու առանցքային գործիք․ առաջնայինը Կենտրոնական բանկն է, երկրորդը՝ մրցակցային մարմինը»,–ասաց նա։

Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով պատերազմից հետո Թուրքիայի ապրանքների նկատմամբ սահմանափակումներին, չնայած դա ողջունելի համարեց, սակայն նշեց, որ դա ունեցել է տնտեսական ազդեցություն՝ մասնավորապես տեքստիլի համար։

«Պետք էր  հասկանալ, ինչ առանձնահատկություններ ուներ այդ շուկան և որ շուկաները, որոնք համարժեք են, ինչ խնդիրներ են առաջացնում տնտեսվարող սուբյեկտների համար։

Ոչ մեծ գումար գնացող տնտեսվարողներ կարող էին գնալ և Թուրքիայից ապրանքներ բերել, օրինակ՝ 5000 դոլարով, իսկ այդ գնով Չինաստան չի կարող գնալ և ապրանք բերել։

Հետևաբար պետությունը պետք է, օրինակ, նախորդ տարի տեքստիլով զբաղվող հինգ կազմակերպության, որոնք միավորված կլինեն, պայմանական առավելություններ տար, որպեսզի կարողանային գործառույթներ իրականացնել»,–ասաց նա։