168.am-ը գրում է. Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս կարևոր ազդարարումն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 18-ի կառավարության նիստում, ապա մեկնաբանեց. «Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ-դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով»:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց՝ 2020թ. փետրվարին Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։
Ի լրումն ասվածի՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ հավելեց ՝ դրամաշրջանառության գրանցած 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման, իսկ արձանագրված ավելի քան 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ:
Նիստի ընթացքում դիտարկում արեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նկատելով. «Գիտենք, որ շատ տիպի սպառումներ՝ հարսանիքներ, միջոցառումներ և այլն, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պարտքերն են մարվում: Պետք չէ թուլացնել աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»:
Վերջինին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ նույնիսկ կայուն վիճակում կառավարությունը չի դադարեցնում տնտեսությանն աջակցելը:
Ինչ խոսք, հուսադրող թվեր են ու տպավորիչ փաստեր, սակայն հասարակ քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչպես է՝ տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ, իսկ իրենց եկամուտներն այդպես էլ չեն վերականգնվում, գնաճն ու գործազրկությունն ամեն օր ավելի ու ավելի զգալի է դառնում:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին խնդրեցինք մեկնաբանել Կառավարության նիստում հնչեցված վերլուծությունը, դրա ազդեցությունը հասարակ մահկանացուներիս վրա:
Ի պատասխան, սակայն, Թադևոս Ավետիսյանը դրանք որակեց շոուներ՝ նկատելով, որ մեր տնտեսությունն իրականում խորը ճգնաժամի մեջ է.
«Նույն շոուն է, և նորից նույն գործիքակազմով, այսինքն՝ վկայակոչում են, փաստորեն, նորից ՀԴՄ-ներ, գործարքի թվեր, կարճ ասած՝ դիսկրետ մեկ-երկու ինչ-որ ցուցանիշ են վերցնում, և փորձում են դրա վրա կառուցել իրենց մանիպուլյատիվ խոսքը և ներկայացնել հանրությանը:
Հիմա այսպիսի իրավիճակում խոսում են և ինչ-որ թվեր են ներկայացնում: Նկատենք՝ ստվերի կրճատումն ինքնին տնտեսական աճ չէ, այսինք՝ ակնհայտ է, որ այդ ձախողումների հետևանքով ՀՆԱ-ն կրճատվում է, կրճատվում են հարկային մուտքեր, և նորից հարձակվել են փոքր և միջին բիզնեսի վրա: Այսինքն՝ նորից այդ վարչական միջոցներով, գործիքներով, որպեսզի նորից քերեն-տանեն հարկեր, բայց դա ի վերջո հարցի լուծում չէ. հարկային մուտքերը ոչ թե միայն պետք է բարձրացնեն, այլ պետք է խթաններ ստեղծեն տնտեսությունը զարգացնելու համար»:
Առհասարակ տնտեսական իրավիճակին անդրադառնալով՝ տնտեսագետը մի քանի ահազանգող միտումներ արձանագրեց.
«Մենք գնում ենք դեպի ստագֆլացիա, երբ գնաճն ու գործազրկության աճը տեղի է ունենում միաժամանակ: Ընդհանուր առմամբ, դրանք հակառակն են լինում, այսինքն՝ եթե գնաճ կա, գործազրկության մակարդակը որոշակիորեն զսպում է, և հիմա մենք ունենք փաստացի այդ երկու խորքային երևույթների միաժամանակյա դրսևորում:
Գնաճ, գործազրկության աճ և ՀՆԱ-ի շարունակվող անկման ֆոն. Պարզ է, որ սա նաև մարդկանց վրա ունի ուղղակի ազդեցություն»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ կառավարությունը մանիպուլյացիաներով ձգտում է մեկ օր ավել ձգել իշխանությունը, ու ըստ նրա՝ հենց դրանով է պայմանավորված նաև կառավարության նիստերին նման ցուցանիշների կամ բանավեճերի, քննարկումների հանրայնացումը.
«Ամեն անգամ կառավարության նիստերին ինչ-որ մի սցենար են պատրաստում, որոնցով հարյուրերորդական ինչ-որ ցուցանիշներ են բերվում՝ դրանց շուրջ փորձելով ինչ-որ երկարաժամկետ տեսլական կառուցել. սա պարզ պոպուլիզմի դրևսորում է և նոր չէ. սկսած վարչապետի «100 փաստերից» և իրենց ծրագրից, որով կառավարություն ձևավորեցին և վերցրին իշխանությունը, մինչև յուրաքանչյուր կառավարության նիստ, իսկ իրական խնդիրները նույնիսկ չեն բարձրաձայնվում:
Բայց գիտեք, ջայլամի նման գլուխը գետնի տակ մտցնելով՝ միևնույն է, խնդիրը չեն լուծելու. այդ խնդիրները կան, ամեն օր խորանում են՝ գնաճը՝ մեր աչքի առաջ, մարդիկ կորցնում են աշխատանքը՝ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ է դա արձանագրվում:
Եվ իրականում գիտե՞ք ինչ է ստացվում՝ սպասեք ճիշտ հակառակը նրա, ինչը որ խոսք են տվել. այն խոստումները, որ տվել են և այդ ականջահաճո ձևակերպումներով դրել են իրենց ծրագրի մեջ, ամեն օր մենք իրականում դրա ճիշտ հակառակն ենք արձանագրում:
Իմիտացիա են անում ինչ-որ բանավեճի, ինչ-որ անհանգստության, բայց եթե նկատած լինեք, միշտ վարչապետը մեղադրողի դիրքերում է, ինչ-որ ավելի մտահոգի, և, ի վերջո, սկզբում դրսում են մեղավորներ փնտրում, հիմա էլ՝ արդեն, քանի որ դրսի այդ շրջանակը փոքրացել է, և մարդիկ չեն հավատում, սկսել են ներսում այդ մեղավորներ գտնելու օպերացիան իմիտացնել. միշտ ճիշտը վարչապետն է հիմա արդեն, մեղադրում է նախարարներին, տարբեր առիթներով՝ կարծես թե իր բերած իշխանությունը չի, իր դրած սկզբունքները չեն, կարծես թե իր դավաճանական հետևանքները չեն»: