Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիների համար մեկ լավ, մեկ վատ նորություն հայտնեց։ Նախ, որ դեպի Վրաստան օդային ճանապարհը բացվում է, հետո, որ մուտքը հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ)։ Տեղեկացրել էին նաև, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։
Սակայն հիմա պարզվում է, որ գործնականում Վրաստանի սահմանը ՀՀ քաղաքացիների համար փակ է, քանի որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում պատվաստվել COVID-19-ի դեմ չի ստացվի, որովհետև ՀՀ-ն դեռ պատվաստանյութ ձեռք չի բերել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՆ-ից։ Ավելին՝ նշել, որ այս պահին պատվաստանյութի գրանցման համար եւս հայտ չի ներկայացվել։
Նախարարությունից տեղեկացրել էին նաև, որ իրականացվում են ակտիվ բանակցություններ ինչպես «COVAX FACILITY» նախաձեռնության, այնպես էլ պատվաստանյութ արտադրող հնարավոր բոլոր կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։ Թե երբ է ձեռք բերվելու պատվաստանյութը՝ դեռ հստակ չէ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվելու են երկու փուլով: