Պետք է հասկանալ, որ ոչ մի պատվաստանյութ բացարձակ անվտանգ չի համարվում և պետք է ծանոթանալ դրա դրական կողմերին, որքանով է արդարացված նրա կիրառությունը և եթե դրական կողմերն, օգուտը ավելին է, ընտրել տվյալ պատվաստանյութը. Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պատվաստանյութերի անվտանգության հետ կապված հասարակության մտահոգություններին:
«Հասարակության մեծ մասն արդեն վարակվել և առողջացել է, և այդ մարդիկ ոչ մի մոտիվացիա չունեն պատվաստանյութ ստանալու, իրենք տեղյակ են, որ իրենց մոտ արդեն բնականորեն հակամարմիններ կան և տվյալ վարակի նկատմամբ իմունիտետ է զարգացել և որևիցե լուրջ հիմնավորում չկա, թե ինչի պետք է իրենք պատվաստվեն: Իմ դիտարկմամբ բնակչության 50, եթե ոչ 60 տոկոսն արդեն վարակվել և լավացել է, իսկ դասական մոտեցմամբ՝ եթե բնակչության 60 տոկոսն արդեն իմունիզացված է, կապ չունի բնական, թե արհեստական եղանակով, ապա վարակը գնում է դեպի նվազման, քանի որ փոխանցման շղթաներն ընդհատվում են: Դեռ անցած աշնան տեմպերից ինձ համար կանխատեսելի էր, որ հունվար ամսից հետո վարակի տեմպերը բնականորեն կնվազեն»,- նշեց բժիշկ -համաճարակաբանը:
Ըստ նրա՝ տարակուսանք է առաջացնում նաև այն փաստը, որ մինչ օրս մեր երկրում չեն իրականացվել հետազոտություններ պարզելու համար, թե բնակչության որ մասն է արդեն հիվանդացել և լավացել ու ունի հակամարմիններ, որով էլ հնարավոր կլիներ հիմնավորել պատվաստանյութի առհասարակ որևէ քանակի ձեռքբերման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ Կովիդ 19-ի պատվաստանյութի մշակման համար սովորաբար ընտրվում են վիրուսի ամենաունիվերսալ սպիտակուցները, որոնք առավել քիչ են ենթակա մուտացիաների, և եթե մարդն անգամ վարակվի էլ այլ շճատիպերով, ապա այդ դեպքում՝ հիվանդությունը այն ծանր ընթացքը չի ունենալու, քանի որ օրգանիզմի իմունային համակարգը առավել պատրաստ է արձագանքում նոր վարակմանը։ Ըստ նրա՝ ճնշող մեծամասնության դեպքերում հիվանդությունը մեղմ ընթացք կունենա:
Ռուբեն Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ առաջիկա ամիսներին կորոնավիրուսի մեծ ալիք չի լինի, քանի որ բնակչության մեծ մասը իմունիզացվել է, իսկ վարակվելու դեպքում էլ առողջապահական համակարգում մեծ ծանրաբեռնվածություն չի լինի:
Դիտարկմանը, թե վարակի կրկնվելու դեպքեր են նկատվել, Հովհաննիսյանը նկատեց, որ ըստ մի շարք դիտարկումների, մինչև 20 տոկոս դեպքերում կորոնավիրուսի թեստի կեղծ դրական պատասխաններ են արձանագրվել և հավանական է, որ այն մարդիկ, որոնք ասում են, թե երկրորդ անգամ են վարակվել, իրենց մոտ առաջին հետազոտության արդյունքն է սխալ եղել: Ամեն դեպքում, նման պնդումներ անելու համար շատ լուրջ հետազոտությունների կարիք կա։