Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Մասնավորապես ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալ Սորենա Սաթթարիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաև Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի հետ: Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև «Շասթա» հոլդինգի և «Մափնա» ընկերության տնօրինության հետ:
«Նախարար Քերոբյանի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների և գիտության, ֆինանսատնտեսական, առևտրային, ներդրումների, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության հնարավորությունները և առաջիկա համատեղ ծրագրերը: Ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և համատեղ ներդրումային ծրագրերի խրախուսմանը միտված համագործակցության հուշագիր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պայմանավորվածություններ են ձեռքբերվել ընթացիկ տարում մի շարք փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:
Հիշեցնենք`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։
Այցի շրջանակում նախատեսվում էին հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։