Ինչպե՞ս կարող է Հայաստանը 2021 թվականին խուսափել տնտեսական անկումից․ փորձագետի խորհուրդներ


Ինչպե՞ս կարող է Հայաստանը 2021 թվականին խուսափել տնտեսական անկումից․ փորձագետի խորհուրդներ
Հունվար 26 22:15 2021

Եթե 2021 թվականին կտրուկ քայլեր չձեռնարկվեն տնտեսական քաղաքականության ոլորտում, ապա 2021-ին Հայաստանում տնտեսական անկումը կշարունակվի: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Այս սցենարից խուսափելու համար փորձագետն առաջարկեց մոբիլիզացման քաղաքականություն վարել, ռեսուրսները պետք է ռացիոնալ օգտագործվեն, անհրաժեշտ է համատեղել պետության եւ մասնավոր հատվածի գործառույթները՝ օգտագործելով պետություն-մասնավոր հատված համագործակցության գործիքը: Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ այս պարագայում հնարավոր կլինի ապահովել զգալի տնտեսական աճ: «Արտաքին առեւտրաշրջանառության մեջ բացասական սալդո ունենք (20 տարիների ընթացքում բացասական սալդոն կազմել է 38 մլրդ դոլար):

Այս իրավիճակը փոխելու համար կարեւոր է խթանել ներդրումները մեքենաշինության, քիմիական, թեթեւ արդյունաբերության եւ այլ ոլորտներում՝ զարգացնելով ներմուծման փոխարինումը (մասնավորապես՝ «Նաիրիտ» կաուչուկի գործարանի գործունեությունը վերսկսելու ուղղությամբ): Անհրաժեշտ է արմատապես փոխել քաղաքականությունը լեռնահանքարդյունաբերության ոլորտում, արտահանել ոչ միայն հումք, այլ պատրաստի ապրանքներ: Անցյալ տարի ՀՆԱ-ի աճը կազմել է 7,8%, իսկ այս տարի անկումը կկազմի մոտավորապես 7,4-7,5%: Այսինքն պետք է լրացնել այս ցուցանիշները: Պատերազմը ցույց տվեց, որ ինքներս պետք է շատ բան արտադրենք: Ունենալով փամփուշտների արտադրության գործարան, չգիտես ինչու, մենք դրանք ներմուծում ենք»,- ընդգծեց նա: