ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Moderna ընկերության դեղամիջոցով (տեսանյութ)


ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Moderna ընկերության դեղամիջոցով (տեսանյութ)
Դեկտեմբեր 29 19:27 2020

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը երեքշաբթի կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ԶԼՄ-ների ներկայությամբ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան PBS հեռուստաալիքին, Վաշինգտոնի բժշկական կենտրոնում տեղի ունեցած գործընթացը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ: Հարիսը ստացել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած դեղամիջոցը:

Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմից աշխատանքի համար և կոչ է արել բնակիչներին պատվաստվել: «Ես վստահում եմ գիտնականներին, որոնք ստեղծել և հաստատել են պատվաստանյութերը: Երբ ձեր հերթը գա, արեք ներարկումները: Խոսքը ձեր, ձեր ընտանիքի անդամների կյանքի փրկության մասին է,- ասել է Հարիսը:

Երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստացել էր դեկտեմբերի 21-ին: Վերջինիս ներարկել են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած դեղամիջոցը:

ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվածների թիվը 19,8 մլն-ը, մահացածներինը՝ 340 հազարը: