Օրերս Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ տեղի ունեցած մարտերից հետո շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ծնողներից մի քանիսը հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«Ծնողներից ոմանց ընդունեց, խոստացավ 3 օրվա ընթացքում վերադարձնել բոլոր երեխաներին, ասաց՝ աշխատում են այդ ուղղությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողներից մեկի հայրը՝ Գագիկ Հակոբյանը։
Գագիկ Հակոբյանը հայտնեց, որ որդու հետ կապի մեջ վերջին անգամ եղել է դեկտեմբերի 12-ին։ Թե ինչ հանգամանքներում է որդին հայտնվել ադրբեջանական շրջափակման կամ գերության մեջ, տեղյակ չէ, կատարվածի վերաբերյալ նրան տեղեկություն ստանալ չի հաջողվել անգամ Արցախում, ուր մեկնել է նախօրեին։
«Տվյալ ուղղության գնդապետին եմ տեսել, ասում է՝ ոչինչ չգիտեմ։ Հարցնում եմ՝ որ ուղությամբ ես ուղարկել, ասում է՝ չգիտեմ։ Ոչ ոք ոչինչ չի ասում, ում ինչ հարցնում ես, ասում են՝ մենք չգիտենք, ռուսն է։ Ես ով եմ, որ ինչ որ զրույցի մտնեմ ռուսի հետ»,- նշեց նա։
Գագիկ Հակոբյանի որդին ՄՈԲ-ով Շիրակի մարզից զորակոչվել է սեպտեմբերի 29-ին։
«21 տարեկան է, 6 ամիս առաջ էր ավարտել ծառայությունը։ Իրավունք չկար տանելու, բայց իրեն սեպտեմբերի 29-ից զորակոչեցին։ 15 օր Ջաբրաիլում է եղել, հետ են եկել, նորից կանչեցին, բերեցին ստեղ, ասեցին՝ փառք աստծո, խաղաղություն է, չպատկերացրին՝ կազմակերպված։ Ծնող ենք մենք, համբերության չափ ու սահման ունենք»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Վերջին օրերին ոչ պաշտոնական տեղեկություններ էին տարածվում Արցախում նոր գերեվարված զինծառայողների վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ համանքներում ադրբեջանցիների հետ մարտերի ընթացքում շրջափակման մեջ հայտնված եւ գերեվարված զինծառայողների մասին է, որոնց թիվը որոշ տեղեկություննով մոտ 170 է։ Միաժամանակ, ադրբեջանական կայքերը տեսանյութեր են հրապարակել գերեվարված զինծառայողներից։ ՊՆ եւ պաշտպանության բանակը երկար ժամանակ լռում էին։ Միայն այսօր կեսօրին կարճ հաղորդագրություն տարածեց պաշտպանության բանակը, հայտնելով, որ անհայտ պայմաններում նախօրեից կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Երեկոյան ՊԲ-ն հայտնեց, որ Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիրը՝ հերքելով լուրերը, թե 171 զինծառայող է անհետ կորել։