Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյունավտանգ առարկաների մաքրումը շարունակվում է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները տարածքների ականազերծման եւ պայթյունավտանգ առարկաներից մաքրման ընթացքում կիրառում են «Ուրան-6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում ապահովել ականազերծման բարձր տեմպ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Անցած օրվա ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է եւս 9,5 կմ ճանապարհ: Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են 175 հա տեղանք, ավելի քան 49 կմ ճանապարհ, 400-ից ավելի շինություն եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է մոտ 5 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չգործած ռազմամթերքը դուրս է բերվում ու ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ: