ՀՀ արժութային շուկայում շարունակվում է արտարժույթների փոխարժեքների բարձրացումը. մասնավորապես, էական թանկացում է դիտվում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքների մասով։
Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած՝ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին ամսական փոխարժեքների դինամիկայի՝ ս.թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում 1 ԱՄՆ դոլարի գինը հունվարի համեմատ ավելացել է շուրջ 7%-ով, իսկ եվրոյինը՝ 16.8%-ով։ Նույն ժամանակային կտրվածքով 11.5%-ի չափով էժանացել է ռուբլին։
ՀՀ–ում կորոնավարակի «մեկնարկային» ամիս համարվող մարտ ամսի համեմատ դեկտեմբերի սկզբին միջին հաշվով ԱՄՆ դոլարը թանկացել է 4.9%-ով, եվրոն՝14.7%-ով, իսկ ռուբլին՝ 4.5%-ով։
Պատերազմի ընթացքում դոլարն ու եվրոն կայուն թանկացել են, ռուբլու գծով դիտվում են տատանումներ, իսկ արդեն դեկտեմբերին դիտվում է բոլոր փոխարժեքների կտրուկ բարձրացում. ԱՄՆ դոլարի տասնօրյա միջին փոխարժեքը սեպտեմբերի համեմատ աճել է 5.4%-ով, եվրոյինը՝ 8.2%-ով, իսկ ռուբլունը՝ 7.8%-ով։
Արտարժույթի փոխարժեքի վրա ազդում են օտարերկրյա ներդրումները, արտահանման և ներմուծման ծավալները, գնաճի տեմպը, տնտեսական ակտիվության սեզոնայնությունը, բանկային համակարգի ներգրավված և տեղաբաշխված միջոցների արտարժութային կառուցվածքը և այլ տնտեսական ու ոչ տնտեսական գործոններ, այդ թվում՝ կարանտինային և պատերազմական վիճակը։ Նշված գործոնները ՀՀ արժութային շուկայում այս տարվա տարբեր ժամանակահատվածներում ազդեցություն են ունեցել տարբեր ուժգնությամբ։ Չպետք է մոռանալ, որ արժութային շուկայում փոխարժեքի առաջարկի վրա մեծ ազդեցություն է ունենում բնակչության ֆինանսական վարքագիծը՝ կապված անորոշ իրավիճակում միջոցները հիմնականում դոլարայնացնելու և շրջանառությունից դուրս բերելու հետ։
Եվ քանի որ այսօր երկրում անորոշությունը քաղաքական և տնտեսական առումով շատ է, իսկ վերջին շրջանում դիտվում է նաև գնաճ, ուստի հիմնավոր է այն կարծիքը, որ առաջիկա ամիսներին սպասվում է դրամի շարունակական արժեզրկում՝ չնայած ՀՀ ԿԲ–ն պնդում է, որ անհրաժեշտության դեպքում կրկին կարող է կիրառել արժութային ինտերվենցիա։ Նշենք, որ այսօր 1 ԱՄՆ դոլարի գինը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2.63 դրամով, եվրոյինը՝ 3.35 դրամով, իսկ ռուբլին նվազել է՝ 0.01 դրամով։