Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ, այս մասին Azatutyun.am-ին տեղեկացրել են երկու գյուղերի համայնքապետերը:
Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն ասաց՝ գյուղում շաբաթ օրը մարտերի հետևանքով 8 հոգի վիրավորվել է, 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ տվյալներ ունեն: «10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են, ասել են` մենք մարդ չենք վերցրել, բայց տղերքը տեսել են, որ գերի են բռնել, տարել 10 հոգու»:
Երկու համայնքներում էլ այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ: Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանն էլ ասաց՝ ադրբեջանցիները գյուղից դուրս են եկել, սակայն հարակից դիրքերից առայժմ չեն հեռացել։