Կայացել է կանաչ գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպումը. Էկոնոմնախ


Կայացել է կանաչ գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպումը. Էկոնոմնախ
Դեկտեմբեր 8 17:40 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպմանը։

 

Հարթակի նպատակն է աջակցել և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նշված ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և փոփոխման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Կբացահայվեն և ըստ առաջնահերթության կսահմանվեն պետական քաղաքականության, կարգավորող և օրենսդրական այն խնդիրները, որոնք ունեն բարելավման, ներդաշնակեցման, միջազգային քաղաքականություններին և կանոնակարգերին համապատասխանեցման և փոփոխությունների կարիք։

«Աշխատանքային իմ մոտեցումներից մեկը այնպիսի համակարգերի ստեղծումն է, որոնք, անկախ մարդկային գործոնից, կաշխատեն ի նպաստ Հայաստանում գյուղտանտեսության զարգացման։ «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձեցինք  միահամուռ ուժերով կյանքի կոչել այս նախաձեռնությունը և համոզված եմ, որ այդ նույն ուժերով բոլորս նպաստելու ենք, որպեսզի այս հարթակը կայանա և ծառայի որպես հնարավորություն տեղեկատվության, գիտելիքների, ուսումնասիրությունների, ինչպես նաև բոլոր քննարկումների և առաջարկվող ծրագրերի իրականացման համար», - նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Ազգային աշխատանքային խմբի հարթակում ընդգրկված կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի համապատասխան ստորաբաժանումների, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչները։ Հատուկ թեմատիկ քննարկումներին կարող են հրավիրվել նաև այլ փորձագետներ։ Աշխատանքային խումբը տեղեկություններ կփոխանակի և քննարկումներ կիրականացնի Հարավային Կովկասում և ԵՄ-ում կանաչ գյուղատնտեսությանն առնչվող քաղաքականության և օրենսդրական զարգացումների, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում Արման Խոջոյանը և ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը ստորագրել են Ասոցացման հուշագիր՝ ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և կատարելագործման վերաբերյալ։