Մոսկվան կողջունի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված ցանկացած քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ անմիջական շփումները Բաքվի և Երևանի միջև: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կողջունենք ցանկացած քայլ, որը կողմերը պատրաստ կլինեն ձեռնարկել այդ ուղղությամբ, կխրախուսենք նրանց այդ հարցում: Երբ դա տեղի կունենա… Դուք հիշատակեցիք Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների հեռանկարները, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով: Որոշումն, իհարկե, պետք է կայացնեն մեր ադրբեջանցի և հայ գործընկերները»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, որը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ավարտին:
Լավրովն իր հայ գործընկերոջ հետ մոսկովյան բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս փախստականներին, ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տներ:
Ռուս նախարարը շեշտել է նաև, որ ՌԴ-ն խաղաղապահների միջոցով ամեն կերպ նպաստելու է ռազմագերիների փոխանակման կարևորագույն խնդրի հնարավորինս արագ լուծմանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: