Հայաստան է ժամանել խաղաղապահներ և տեխնիկա տեղափոխող ևս 18 ռուսական Իլ-76


Հայաստան է ժամանել խաղաղապահներ և տեխնիկա տեղափոխող ևս 18 ռուսական Իլ-76
Նոյեմբեր 16 09:33 2020

Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող ևս 18 ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանի աերոդրոմում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

 

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար Հայաստան ուղարկված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հերթական տասնութ Իլ-76 և երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները տեխնիկայով և 15-րդ խաղաղապահական բրիգադի անձնակազմով վայրէջք են կատարել Երևանի աերոդրոմներում։ Ռուս զինվորականները բեռնաթափել են նյութական միջոցները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան», – գրված է հաղորդագրությունում։

Ռազմական գերատեսչությունում հավելել են, որ մեկ օրվա ընթացքում ռուսական ինքնաթիռներով Հայաստան է տեղափոխվել 58 միավոր տեխնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա։

Հաղորդագրությունում նաև նշված է, որ հրադադարը հսկելու համար ԼՂ հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որի մեջ մտնում է 1960 զինվորական, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։