Ռուսաստանի ԱԴԾ-ն 5 լրացուցիչ հենակետ է տեղակայել Հայաստանում


Ռուսաստանի ԱԴԾ-ն 5 լրացուցիչ հենակետ է տեղակայել Հայաստանում
Նոյեմբեր 13 22:34 2020

Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ հենակետեր է տեղակայել։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է գերատեսչության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ 

«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ սահմանապահ ծառայության հիման վրա տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալ՝ երկուսը Հայաստանի և Նախիջևանի Հանրապետության սահմանին, ևս երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին»,- ասել է նա։

Բորտնիկովի խոսքով՝ «անհրաժեշտ միջոցառումներն իրականացվել են Հայաստանի սահմանային ծառայության հետ համաձայնեցումից հետո, կապ է հաստատվել նաև ադրբեջանցի սահմանապահների հետ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։