«ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են»․ Սերգեյ Շոյգու


«ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են»․ Սերգեյ Շոյգու
Նոյեմբեր 13 22:15 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԼՂ հումանիտար հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Օրեցօր աճում են հումանիտար բնույթի խնդիրները»,- ասել է Շոյգուն՝ մատնանշելով փախստականների տեղափոխման ու վերադարձի, ինչպես նաև հումանիտար այլ հարցերի հետ կապվախ խնդիրները։

Նա նաև հայտնել է, որ ռազմատրանսպորտային ավիացիան երեք օրում ավելի քան 1 100 ռուս խաղաղապահների և 168 միավոր տեխնիկա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դիտորդական դիրքերի տեղակայումը կավարտվի շաբաթ օրը:

«Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում։ Վաղը նախատեսում ենք ավարտել այդ գոտում ութ դիրքերի տեղակայումը», - նշել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: