Երկար տարիներ ՀՀ ԶՈՒ- ում ծառայող 49-ամյա Վանիկ Գրիգորյանը զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության․ «Հայրս շատ տաքարյուն էր ու անհամբեր, ամբողջ կյանքում շտապում էր, հատկապես, վերջին օրերին բոլոր գործերը ուզում էր ավարտին հասցնել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոսի դուստրը՝ Մանե Գրիգորյանը։
Հայրենասեր Վանիկ Գրիգորյանը ընտանիքին նվիրված և շատ հոգատար հայր էր․ «Առաջնագիծ մեկնելիս ասացինք, որ զգույշ լինի, պատասխանեց՝ մտածելու բան չունի, երեխաներ ունի, թոռներ, այնպես պատասխանեց՝ կարծես թե, այլ բան չուներ անելու այլևս։ Ասաց, որ պետք է գնա մեկ-երկու թշնամի ոչնչացնի և վերադառնա»,- հպարտությամբ նշում է Վանիկի դուստրը։
Վանիկը հայրենիքի պաշտպանության մեկնել էր շատ հպարտ և բարձր ոգով․ «Հայրս անհամբերությամբ սպասում էր, թե երբ պետք է դիրքեր բարձրանա, մայրիկին ասում էր՝ իրերս շուտ դրեք, որ գնամ, սպասում են ինձ։ Հայրիկիս մարտական ոգին շատ բարձր էր»,- վերհիշում է Մանեն։
Հոկտեմբերի 10- ին Վանիկը շատ բարձր տրամադրությամբ վերջին անգամ խոսել է կնոջ հետ, որից ժամեր անց պայթեցրել են այն մեքենան, որի մեջ էր նաև ինքը:
Հերոսի դուստրը մեզ տրամադրեց իր և հայրիկի վերջին նամակագրությունը, և այն տեսանյութը, որը արվել էր պայթյունից առաջ։