Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որն այս օրերին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում հայտնել է, որ Արցախում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Արցախում 3 լարված օրերից հետո վերադարձել եմ Երևան։ Ես հանդիպել եմ մի քանի ընկերների հետ, տեսնել քաղաքացիական ենթակառուցվածքների փլուզումը, ինչպես նաև տուժել քաղաքի հրետակոծությունից։ Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»,- Twitter-ում գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը՝ կից տեղադրելով լուսանկարներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։