Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Շանթ Նավոյանը զոհվել է Արցախի Մեխակավան համայնքում (Ջաբրայիլ) հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
18-ամյա երիտասարդը ռեժիսուրայով զբաղվելու նպատակ է ունեցել: Հասցրել է տեսանյութեր պատրաստել, դրանք մոնտաժել, սցենարներ գրել և առօրյայում իրեն տպավորած ցանկացած երևույթի վերաբերյալ իր զգացածի մասին գրառումներ անել: Սովորությունը չի մոռացել նաև ռազմի դաշտում. պատերազմական օրերի իր ապրումներն ու մտքերը տղան նույնպես թղթին է հանձնել: Պատմել է, որ իր ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին:
Շրջել է Երևանի փողոցներում ու որսացել քաղաքի շարժն ու տրամադրությունը, որ «Օրակարգ» անունով մոտ 3 րոպե տևողությամբ իր ֆիլմը պատրաստեր: Ավարտին պատգամել է՝ հարկավոր է՝ անկանոն ուրախանալ, առանց ժամին նայելու՝ փորձել հասցնել առավելագույնը մինչև քուն մտնելը: Քուն մտնելու մասին Շանթը խոսել է նաև մոր հետ վերջին հեռախոսազանգի ընթացքում, որից մեկ օր հետո ընկել է հերոսի մահով:
Զգացմունքային ու ռոմանտիկ տղան հասցրել է սիրել ու ունենալ սիրո այնպիսի գեղեցիկ պատմություն, որ շատերի համար ամբողջ կյանքում այդպես էլ հասանելի չի լինում:
Մանրամասները՝ tert.am֊ի տեսանյութում։