Լուսանկարի տանկիստը Հակոբն է, որը մինչեւ պատերազմը մասնակցում էր «Կովկաս 2020» զորավարժություններին։ Սեպտեմբերի 30-ին վերադարձել ու միանգամից դեպի առաջնագիծ է գնացել։ Հաղթանակի համար պայքարող 19-ամյա ժամկետային զինծառայողի անունը հոկտեմբերի 19-ին Արցախի ՊԲ հրապարակած զոհված զինծառայողների ցուցակում էր։
«Վոլգոգրադում զորավարժություններին մասնակցելիս և դրանից առաջ էլ Հակոբի տրամադրությունը շատ բարձր էր, ասում էր՝ պետք է գնամ, մրցանակային տեղ զբաղեցնեմ, բայց երբ լսեց, որ պատերազմ է, ուզում էր անհապաղ վերադառնալ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հորեղբոր դուստրը՝ Նելլի Մանթաշյանը։
Կենսուրախ Հակոբը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի տխուր աչքեր չլինեն։ Ուրախ ու կյանքով լեցուն երիտասարդը նույնիսկ կռվի լարված օրերին էր բարձր տրամադրությամբ, համենայնդեպս հարազատների հետ զրույցում ձայնի մեջ անհանգստություն չէր նկատվում։
«Պատերազմի օրերին մոր հետ էր շատ խոսում, հավատացնում էր, որ հաղթանակած հետ է գալու։ Իր մահվան օրը՝ հոկտեմբերի 16-ին մոր հետ վերջին անգամ զրուցելուց հետո, մայրն ասաց, որ տրամադրությունը շատ բարձր էր, ասել էին, որ դիրքերից իջնելու են, ու հնարավոր է, որ մի քանի օրով տուն գա»,- պատմեց Նելլին։
Հակոբը չհասցրեց տուն գալ, հրամանատարին ու ընկերներին օգնելու նպատակով դեպի տանկը վազելիս թշնամու անօդաչու թռչող սարքը հարվածել է տանկին, բոլորն էլ զոհվել են։
19-ամյա Հակոբը, ով դպրոցում մաթեմատիկա առարկան էր շատ սիրում, ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, իսկ օրեր անց՝ 2019թ․-ի հուլիսի 17-ին զորակոչվել բանակ։ Դպրոցում գերազանց սովորող տղան մեծ նպատակներ ուներ, դրանք իրագործելը նախատեսել էր ծառայությունից հետո։
Տանկիստ Հակոբ Մանթաշյանը ծառայության ընթացքում արժանացել էր տասը մեդալի, ու երկու շնորհակալագրի, իսկ «Կովկաս 2020» զորավարժություններից էլ պատվոգրով էր վերադարձել։
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի առաջին միջնակարգ դպրոցի տնօրեն և Հայոց լեզվի ուսուցչուհի Հասմիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Հակոբն իր տարիքի համեմատ ավելի հասուն ու խելացի էր։ Կես բառից միմյանց հասկացող տնօրենն ու աշակերտը մեկմեկու վերաբերում էին որպես ավագ և կրտսեր ընկերների։
«Մեր միջև կապը մի ուրիշ էր, մի հայացքից էլ կարող էինք իրար հասկանալ։ Ես երբևե չեմ համարել, որ Հակոբը աշակերտս է, ինքն իմ կրտսեր ընկերն է։ Իրականում իր մասին անցյալ ժամանակով խոսելը շատ դժվար է»,- արցունքն աչքերին ասաց դպրոցի տնօրենը։
Աշխատասեր Հակոբը տնօրենի խոսքով՝ ամեն ինչ անում էր, որ իր շրջապատից հետ չմնա։
«Իրենց տան մոտ հացի փուռ կար, ասում էր՝ հենց գամ, բացելու եմ, կապ չունի, թե որտեղ կսովորեմ, էստեղ գործ եմ դնելու, որովհետև ինքն արդեն հասկանում էր՝ ինչ բան է աշխատելը, իր վրա հոգս կրելը։ Ծնողներն առողջական խնդիրներ ունեին, իր համար սովորելը ֆինանսապես ծանր էր, ուզում էր անվճար ընդունվել, ասում էի՝ ոչինչ, եթե նույնիսկ վճարովի ընդունվես, ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, վարձը ո՞նց ենք տալու, չնայած ինքը կոտրվող տեսակի մարդ չէր, բոլոր խնդիրների լուծումն ուներ։ Ամեն դեպքում ինքը անվճար ընդունվել չկարողացավ»,- հիշում է դպրոցի տնօրենը։
Ավագ ընկերոջ հետ Հակոբը հաճախ էր կիսվում, անգամ, եթե ծնողներից նեղացած էր լինում, դպրոցի տնօրենի հետ զրույցը նրա հոգին խաղաղեցնում էր։
«Մինչեւ բանակ գնալը, երբ Հակոբի հետ խոսում էի, ասում էի՝ գիտես չէ՞ ուժեղ մարդիկ են լացում, դե ես լացկան եմ, ու երբ իրեն ճանապարհում էինք, փաթաթվեցինք՝ սկսեց լացել, ասաց՝ Դուք եք չէ՞ ասել, որ ուժեղ մարդիկ են լացում, ինքը շատ ուժեղ էր։ Ծառայության ժամանակ իր մասնագիտությունը տանկիստ լինելն էր համարում, ասում էր՝ սրանից լավը չկա, հենց գամ, տանկ եմ բերելու հետս»,- ժպիտով հիշեց Հասմիկ Բաղդասարյանը։
Դպրոցի տնօրենի հիշողություններում Հակոբն ամենամաքուր սիրտ ունեցող, պատասխանատու, խելացի ու ամենակարող աշակերտը, իր հավատարիմ ընկերը կմնա։
«Փոքրից մինչև մեծ, եթե խնդիր էին ունենում, ասում էին՝ Հակոբին դիմեք։ Որպես դպրոցի տնօրեն, եթե ես ինչ-որ խնդիր էի ունենում, միանգամից զանգում էի իրեն, ասում էր՝ կլուծվի։ Եթե ինչ-որ խնդրում Հակոբի անունը շոշափվում էր, ուրեմն դրա լուծումը լիարժեք էր լինում։ Անգամ եթե ուսուցիչներն ինչ-որ բան էին ուզում անել, բայց ինձ չէին դիմում, Հակոբին էին ասում՝ հլը դու գնա, ասա, որովհետև գիտեին՝ ես Հակոբի նկատմամբ թուլություն ունեմ, եթե ինձ ինչ-որ բան էր ասում, ես չէի կարողանում չէ ասել»,- նկատում է նա։
Հակոբի զոհվելու մասին գույժը հարազատները լսել են հոկտեմբերի 16-ին, բայց նրա մարմինը հողին են հանձնել տասն օր անց։