Ընտանիքի, ընկերների, ծառայակիցների ու հրամկազմի դուխը։ Բարի աչքերով ու կյանքով լեցուն։ 19- ամյա Գագիկ Աբրահամյանը զոհվեց, բայց մինչ այդ փորձել է փրկել հրամանատարի ու ծառայակից ընկերների կյանքը։ Ցավոք չի ստացվել։
Մայրն է խոսում հերոս որդու մասին։ Հուզմունքը խեղդում է, օրեր առաջ է որդուն հուղարկավորել։ Այդ օրվանից քայլերն ամեն օր տանում են Եռաբլուր զինվորական պանթեոն, ուր ամփոփված է հերոս որդու, իր 19 ամյա ձագի մարմինը։ Մինչ այդ էլ տարիներ շարունակ տիկին Ռիտան որդիների հետ ամեն տարի ապրիլի 24-ին, նախ Եռաբլուրում, ապա Ծիծեռնակաբերդում է ծաղիկներ խոնարհել։
«Տղաս 2001 թվականին է ծնվել։ Բանակ զորակոչվել է նախորդ տարի հուլիսին։ Վեց ամիս Լուսակերտում է եղել, որից հետո տեղափոխվել է Իջևանի N զորամաս»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Ռիտա Դավթյանը։ Այդ նույն զորամասում 90-ականներին հրամանատար է եղել նաեւ հերոսի պապիկը։ Ճակատագիր, թե պարզապես զուգադիպություն էր, որ իր հետագա ծառայությունը ժամանակին պապիկի հրամանատարության ներքո գործող զորամասում էր անցկացնելու Գագիկ Աբրահամյանը։
«Ես ծնունդով Իջևանից եմ, հայրը՝ Երևանից։ Ուղղակի կյանքի պատահակություն էր, թե ինչ, երեխես Իջևանում շարունակեց ծառայությունը»,- ասաց մայրը, առաձնակի հպարտությամբ շեշտելով, որ հուլիսյան դեպքերի ժամանակ որդին պահպանել է Տավուշի սահմանները։ Բայց մինչ այդ էլ ծնողների հետ խոսելիս, Գագիկը նշել է, որ ցանկություն ունի ծառայությունը շարունակել Արցախում։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը Գագիկ Աբրահամյանին տարավ Արցախ։
«Ինքը մի քիր ուրիշ տեսակի տղա էր, տարբերվում էր բոլորից։ Սա ասում եմ, ոչ թե նրա համար, որ իմ որդին է, այլ իրան ճանաչողները այս մասին գիտեն։ Ռեժիսոր էր մասնագիտությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի համար 1 քոլեջը, որը գերազանց ավարտելուց հետո մեկնեց ծառայության»,-պատմեց մայրը։ Ավարտելուց հետո Գագիկը ցանկություն ուներ թատերական ինստիտուտ ընդունվեր, շարունակեր ուսումը՝ ապրում էր այդ կյանքով, տեսախցիկը միշտ հետն էր։
Բացի այդ ֆուտբոլ է պարապել, եղել է «Փյունիկի» սան՝ դարպասապահ էր։ Համատեղում էր դասը, ֆուտբոլն ու աշխատանքը։ «Էս երկրի վրա ինքն իր տեղը չէր գտնում, անդադար դժգոհ էր, ինչ-որ մի բան իրեն չէր հերիքում, ինչ-որ բան լիարժեք չէր»,- նշեց տիկին Ռիտան։
Մեկ ամիս շարունակ մայրը ամեն օր խոսել է որդու հետ։ Հանգամանքներով պայմանանավորված երկար չեն խոսել, պարզապես լսել է որդու ձայնը և մայրական սիրտը մի փոքր հանգստացել է։ «Ինքը ամեն օր գոնե մեկ վարկյանով զանգել է, որ ես իրա ձայնը լսեմ, գիտեր իմ բնավորությունը։ Ճիշտ է, բոլոր մամաները անհանգիստ են, բայց ինքը ինձ մի ուրիշ տեսակ գիտեր։ Դրա համար գիտեր, որ պետք է զանգեր, որ ձայնը լսեի, մենք երկար երբեւէ չենք խոսել, հաշվի առնելով հանգամանքները»,- նշեց տիկին Ռիման։
Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00: Այս ժամը տիկին Ռիտան երբեք չի մոռանա։ Մի քանի ժամ հետո Գագիկ Աբրահամյանը զոհվում է։ Ծառայակից ընկերների հետ՝ հրամանատարի գլխավորությամբ հաջորդ օրը պետք է հետ վերադառնային Իջևան, ցավոք այդ ժամանակ հրամանատարը վիրավորվում է։ Գագիկը փորձում է օգնություն ցույց տալ։ Հակառակորդը նկատում է զինվորների հոսքը, հասցնում երկրորդ հարվածը․․․։
Որդին բարձրահասակ էր, մայրը հաճախ կատակ էր անում։ «Ասում էի լոլոզ ջան, գլուխդ ցածր կպահես, միշտ ծիծաղում էր այդ խոսքիս վրա։ Այդ օրն էլ նույնը խոսքը ասեցի, վերջին բառերս էր, ասեց հա մամ ջան, ցավտ տանեմ, կզանգեմ վաղը, բայց․․․»։
Ծառայությունից երբեք չի դժգոհել։ Սեփական նախաձեռնությամբ զորամասում ծառատունկ է կազմապերպել, պապիկից խնդրել՝ ներկ, իրենց ամրակցված զինտեխնիկան թարմացնելու համար։
Որդին Իջանից լուսանկար էր ուղարկել՝ զենքը ձեռքին։ Մայրն ասել է, տղաս Ռեմբոյին ես նման, որդին ի պատասխան, շտապել է տեղեկացնել, որ ծառայակից ընկերները հենց այդպես էլ իրեն դիմում են։
Ռիտա Դավթյանը նշում է, բոլոր մայրերն իրենց խոսքում ասում են՝ թող գնան, պայքարեն, բայց բոլոր այդ պայքարները նոր զոհեր են․․․ Որդի կորցրած մայրը դա չի ուզում։
«Երբ, որ երկու տղաս էլ փոքր էին, մենք միշտ ամեն ապրիլի 24-ին, լիքը ծաղիկներով չգիտեմ ինչու էր այդպես, առաջինը գնում էինք Եռաբլուր, հետո՝ Ծիծեռնակաբերդ։ Ես չգիետի, որ Եռաբլուրը կարող էր իմ համար դառնալ մշտական գնալու տեղը, իմ երեխայի մոտ գնալու մշտական ճանապարհը»,- արցունքներն աչքերին պատմեց մայրը։ Եռաբլուրում հուղարկավորված հարազատներ չունեին, հիմա` ամենաթանկն է այնտեղ։
Ամիսներ անց Գագիկ Աբրահամյանը տուն էր դառնալու․․․ մայրը դեռ սպասում է, մինչ այդ ընթերցում է որդու գրած խոսքերը։ Մայրն այն պատահաբար է գտել։
Մարդկային կյանքը նման է գլանակի
Վառվելուն պես, այն բաժանվում է երկու մասի՝ ներկա և անցյալ,
Անցյալը ներկայացվում է ծխախոտի վառվելուն պես, երբ արդեն վառված հատվածը դառնում է մոխիր,
Մոխիրն է անցնալը, որ ընկնելուն պես մոռացվում է, բայց մնում է հավետ,
Իսկ այն հատվածը, որը դեռ պետք է վառվի, դառնա մոխիր՝ դա է մեր ներկան։
Փայլակ Ֆահրադյան