Տրամադրվել երկարատեւ պատերազմի


Տրամադրվել երկարատեւ պատերազմի
Նոյեմբեր 5 11:40 2020

Aravot.am-ը գրում է․ 

Պատերազմի առաջին փուլը, կարծես թե, ավարտվել է: Հակառակորդն, օգտագործելով օդում տեխնոլոգիական առավելությունները, ունեցավ որոշակի հաջողություններ, բայց նրա հարձակողական թափն, առայժմ, համենայնդեպս, կոտրվել է: Հաջողություններն էլ բավականին հարաբերական են, եւ բացարձակապես համաչափ չեն թափված ջանքերին ու ծախսված միջոցներին, իսկ ամենակարեւորը՝ հայտարարագրված նպատակներին եւ ժամկետներին: Ոչ 24, ոչ էլ 48 ժամում Արցախը «գրավել» չհաջողվեց, եւ վաղ թե ուշ Ադրբեջանի քաղաքացիները հարցնելու են՝ «բա ի՞նչ եղավ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու խոստումը»: Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ այդ նպատակն ընդհանրապես անիրագործելի է թե՛ ռազմական եւ թե՛ քաղաքական տեսանկյունից:

 

Մյուս կողմից, ամենասխալ բանն է պատերազմի ժամանակ հակառակորդին թերագնահատելը՝ Էրդողանը եւ Ալիեւը շատ մեծ խաղադրույք են դրել այս հակամարտության վրա, որպեսզի մոտ ժամանակներս իրենց նպատակներից հրաժարվեն: Ադրբեջանն ունի ներուժ համալրելու իր բանակը թե՛ նոր զինծառայողներով (ներառյալ թուրք հատուկ ջոկատայիններին եւ վարձկաններին), թե՛ զինտեխնիկայով, այդ թվում՝ Իսրայելից եւ Թուրքիայից ներմուծված: Կարծում եմ նաեւ, թուրք զինծառայողները, որոնք կռվում են Արցախում, պատշաճ պատրաստություն են անցել ՆԱՏՕ-ում: Այնուամենայնիվ, սպասվող մարտերում հայկական ուժերի շանսերն ակնհայտորեն գերադասելի են, մանավանդ որ մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին միացել են լավ կազմակերպված, փորձառու, տեղանքը հրաշալի իմացող «հին կռված տղաների» ջոկատները: Այնպես որ պատերազմի «վերջնական ելքի» վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ:

 

Պարզապես պետք է տրամադրվել, որ դա կարող է երկար տեւել: Ասելով «տրամադրվել», ես նկատի ունեմ, որ շաբաթներ կամ գուցե ամիսներ պատերազմական ռեժիմով պետք է ապրեն պետական կառույցները, տնտեսությունը, հասարակությունը, աշխարհասփյուռ հայությունը: Չհոգնել, չհիասթափվել, ամենօրյա գործն անել մշտական խանդավառությամբ՝ դա համեմատաբար հեշտ է անել նրանց, ովքեր արդեն մի պատերազմ տեսել են եւ դիմացել են շատ ավելի դժվար պայմաններին: Թող միամիտ կամ «իդեալիստական» չթվա, բայց վստահ եմ, որ կա եւս մի գործոն, որը մոտեցնում է հաղթանակը՝ այդ գործոնը ներքին համերաշխությունն է: Ոչ միայն մի կողմ թողնել թշնամանքը եւ կասկածամտությունը, այլեւ 10 միլիոն հայերով ջերմ եւ հոգատար լինել իրար նկատմամբ: Համոզված եմ, որ դա հզոր ուժ է: Ինչպես նշեց մեր սիրելի հոգեւորականներից մեկը՝ մեր երկրին հաշտության օրակարգ է պետք: Իսկապես որ, դա՛ է հաջողության բանալին