Մարդու իրավունքների սիրիական կենտրոնից հայտնել են՝ քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում


Մարդու իրավունքների սիրիական կենտրոնից հայտնել են՝ քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում
Հոկտեմբեր 31 20:54 2020

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի գրոհայինների շրջանում շարունակվում են կորուստներ գրանցվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից կռվելիս:

 

Ինչպես փոխանցում են կենտրոնից, հայերի դեմ կռվում վերջին մի քանի ժամում 14 սիրիացի վարձկան է սպանվել: Կենտրոնի աղբյուրի տվյալներով՝ մահացած սիրիացիներից ևս 20-ի մարմին թուրքերը տեղափոխել են Հալեպ:

Ընդհանուր առմամբ, թրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում, որոնց թուրքական կառավարությունը սեպտեմբերի վերջից ուղարկում է առաջնագիծ, մահվան դեպքերը հասել են առնվազն 231-ի, որոնցից 183-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա: Մինչդեռ մարմինների մյուս մասը շարունակում է մնալ Ադրբեջանում:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։