Մարտունին գրեթե ողջ օրն Ադրբեջանի զինուժի զանգվածային հարձակման թիրախում է․ WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը (տեսանյութ)


Մարտունին գրեթե ողջ օրն Ադրբեջանի զինուժի զանգվածային հարձակման թիրախում է․ WarGonzo–ի լրագրողը ներկայացրել է Մարտունիում տիրող իրավիճակը (տեսանյութ)
Հոկտեմբեր 31 19:58 2020

Ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի շրջանակներում ռեպորտաժ է պատրաստել Արցախի Մարտունի քաղաքից, որն ադրբեջանական ուժերը թիրախավորել են Դ-20 թնդանոթներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ  կայաններով և ավիացիայով:

«Մարտունին գրեթե ողջ օրը գտնվում է Ադրբեջանի Զինված ուժերի զանգվածային հարձակման թիրախում: Քաղաքի որոշ փողոցներում պարզապես բնակելի հատված չես գտնի, առանձին թաղամասեր ոչնչացվել են»,- պատմում է լրագրողը՝ ներկայացնելով, թե ինչի է վերածվել քաղաքը մեկ ամիս տևած ռմբակոծություններից հետո:

Վերջինս նշում է, որ քաղաքի արվարձաններից լսվում է հրետանու ձայնը: Նրա խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է պատասխանել հրադադարը խախտող հակառակորդի հարվածներին, որը նաև իսրայելական և այլ համազարկային կրակի ռեակտիվ  կայաններ և «Սմերչ» է կիրառում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։