Կյանքով լեցուն Արամը հոգեպես խաղաղվել էր, նա իր մահով շատ բան փոխեց բոլորիս կյանքում (տեսանյութ)


Կյանքով լեցուն Արամը հոգեպես խաղաղվել էր, նա իր մահով շատ բան փոխեց բոլորիս կյանքում (տեսանյութ)
Հոկտեմբեր 26 14:46 2020

«Արամը կյանքով լեցուն, ուրախ, գեղեցիկը գնահատող երեխա էր: Այդ 3 տարիների ընթացքում Արամի կողմից ինձ նվիրած ծաղիկները մեկը մեկից յուրահատուկ էին: Ծաղկեփնջերը պատրաստելիս՝ Արամը միշտ հետաքրքիր լուծումներ էր գտնում և այնքան մեծ ոգևորությամբ ու սիրով էր նվիրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Արամ Մուրադյանի դասղեկը՝ Անահիտ Հովագիմյանը:

Ըստ դասղեկի՝ Արամը միշտ աչքի էր ընկել իր հետաքրքիր մտքի թռիչքով և մեզ հետ զրույցում վերհիշեց մի պատմություն, երբ Արամը Նոր տարվա համար դեղատուփերով գեղեցիկ տոնածառ էր պատրաստել. «Մի ուրիշ ձևի տղա էր Արամը: Բոլորի հետ շատ ջերմ էր, շատ մտերիմ ու ընկերական: Նրա կորուստը շատ մեծ է բոլորիս համար»,- նշեց դասղեկը՝ անդրադառնալով Արամի ունեցած յուրահատուկ հայրենասիրությանը. «Արամը երբեք չի խոսել հայրենասիրությունից, բայց իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրելով՝ ապացուցեց իր մեծ սերը դեպի հայրենիքը: Արամն այն օրինակն է, որ իր հայրենասիրությունը ապացուցեց, ոչ թե լոկ խոսքերով, այլ հերոսական սխրանքներով»,- ընդգծեց դասղեկը:

Իր մտերիմ ընկերոջ մասին մեզ հետ ցանկացավ խոսել նաև Նորայր Խաչատրյանը, որը նշեց՝ Արամը մինչև 9-րդ դասարանը սովորել է Էջմիածնի 7-րդ հիմնական դպրոցում, որից հետո ընդունվել է Էջմիածնի Էռնեկյան հանրակրթական ավագ դպրոցը՝ բժշկական թեքումով։ Բանակ զորակոչվելուց առաջ Արամը հասցրել է ընդունվել նաև բժշկական համալսարան այն մտքով, որ կգա, կշարունակի ուսումը․ «Մանկուց Արամը պարել է, շատ էր սիրում պարել։ Հանգիստ, անմիջական բնավորություն ուներ։ Բոլորի հետ, անխտիր, շփվում էր, տարբերակումներ չէր դնում, չկար այնպիսի մեկը, որը չէր սիրի Արամին»,- ընդգծեց Նորայրը, հավելելով, որ Արամը չուներ սիրած աղջիկ, բայց հեշտությամբ լեզու էր գտնում իգական սեռի ներկայացուցիների հետ․ «Արամը շատ-շատ աղջիկների հետ է շփվել, շատ ընկերուհիներ ուներ, միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել աղջիկների հետ»,- ասաց նա։