Այսօր՝ մայիսի 18-ին, մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որը վարում է տարիքով ամենատարեց պատգամավորը՝ ՀՀԿ ցուցակով ընտրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում նշանակվում են կառավարության անդամները, եւս 20 օրվա ընթացքում հաստատվում է կառավարության ծրագիրը:
Նշենք, որ նոր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որտեղ գործելու է 4 խմբակցություն՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ: