Ձեզ եմ դիմում կոչով մայրական՝ մենք պիտի՛ լինենք, ու պիտի լինե՛նք կուռ ու անկոտրում, առավե՛լ հպարտ, առավե՛լ ուժգին, հուժկու և սաստիկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մայրը` Աստղիկ Հովհաննիսյանը:
«Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս,
Դիմում եմ Ձե՛զ:
Ձե՛զ՝
Մայրե՛ր Հայոց՝ Առյուծածին, Հայրե՛ր Հայոց՝ Առյուծածին:
Ոսոխը նորից մեր դուռն է թակել: Ոսոխը նորից դավեր է նյութում: Ոսոխը նորից կոչնակն է զարկել՝ կա՛մ պիտի լինենք, կա՛մ կորչենք անհետ:
Ա՛րդ, Ձեզ եմ դիմում կոչով մայրական՝ մենք պիտի՛ լինենք, ու պիտի լինե՛նք կուռ ու անկոտրում, առավե՛լ հպարտ, առավե՛լ ուժգին, հուժկու և սաստիկ: Ունե՞նք մենք այլ ելք, եթե մեր այս հողը՝ արյամբ ժառանգված ու արյուն դարձած մեր այս օջախը, պահում ենք արյամբ մեր կորյունների: Մենք պիտի՛ լինենք, զի որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել:
Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել: Իմ վիշտը խորն է, բայց ի՛մը չէ միայն՝ քոնն է իմ վիշտը ու բոլորինս: Վիշտն իմ դարձել է մի վիշտ հայրենյաց:
Ու բա՛վ է: Նոր եղե՞ռն՝ է՛լ չի լինելու: Այրվող ցորյաննե՞ր՝ է՛լ չեն լինելու: Արնացած գետե՞ր՝ է՛լ չեն լինելու: Ընկած տաճարնե՞ր՝ ո՛չ, չե՛ն լինելու:
Մեր Որդվոց կյանքով մեր նոր Արևը նորից կվառվի ալ վառմամբ հրկեզ՝ կյանքով Նաիրյան:
Էլ ո՛չ մի զիջում»: