«20 տարի առաջ, երբ դու լույս աշխարհ եկար, կյանքը քեզ շատ մեծ հարված հասցրեց, դու այդպես էլ չիմացար մայրական սերն ու գուրգուրանքը ինչ է»


«20 տարի առաջ, երբ դու լույս աշխարհ եկար, կյանքը քեզ շատ մեծ հարված հասցրեց, դու այդպես էլ չիմացար մայրական սերն ու գուրգուրանքը ինչ է»
Հոկտեմբեր 23 22:07 2020

Արցախում զոհված զինծառայող Տիգրան Ավետիսյանի հորաքրոջ աղջիկը՝ Սիրուն Նավասարդյանը, ֆեյսբուքյան էջում գրել է.

«20 տարի առաջ, երբ դու լույս աշխարհ եկար, կյանքը քեզ շատ մեծ հարված հասցրեց, դու այդպես էլ չիմացար մայրական սերն ու գուրգուրանքը ինչ է։ Ճիշտ է՝ մենք բոլորս ամեն ինչ ենք արել, որ դու այդ պակասությունը չզգաս, բայց մեկ է՝ ինչ էլ անեինք, չէինք կարող փոխարինել մորդ։ Մայրդ հասցրեց քեզ մի ակնթարթ տեսնի ու գրկի մահանալուց առաջ, բայց դու չտեսար, դու ախր նոր էիր ծնվել։ Կարոտդ ու նրան տեսնելու ցանկությունդ այնքան շատ էր, որ որոշեցիր գնաս մոտը։ 
Դու չափից շատ համեստ ու զուսպ տղա էիր, ո՞վ կմտածեր, որ այդքան ուժեղ ու դուխով ես, որ հրամանատարդ փախնելու հրաման տա, իսկ դու ասես, որ ոչ մի տեղ էլ չես փախնելու ու մինչև վերջ կրակելու ես։ Այդպես էլ արեցիր, մինչև վերջ գնացիր։ Տիկս, դու ԱՆմահացել ես, դու կյանքիդ գնով պաշտպանել ես քո ընտանիքը, քույրիկներիդ, մի քանի օրական եղբորդ, որի ծնվելու մասին լուրը չհասցրինք քեզ հայտնել, պաշտպանել ես ինձ, մեզ բոլորիս, պաշտպանել ես հայրենիքդ։ 
Հիմա ինչքան ուզում ես կարող ես վայելել մորդ սերն ու գուրգուրանքը։ 
Աստված հոգիդ լուսավորի, հավերժ փառք քեզ, մեր ՀԵՐՈՍ տղա։
Քեռուս տղան է՝ Տիգրան Գևորգի Ավետիսյան, 2000 թ․
Հ․Գ․Այս գրառումը նրա համար չէ, որ ասեք ցավակցանքի ու սփոփանքի խոսքեր։ Այս գրառումը, նրա համար է, որ ճանաչեք իմ ՀԵՐՈՍ եղբորը, ով միացավ կյանքը հայրենիքի համար զոհած իր ընկերներին»։