«Պիտի ապրենք». Ադրբեջանի զինուժի ռմբակոծությունից փրկված ու Երևան հասած փոքրիկները աշխարհին խաղաղության կոչ են հղել (տեսանյութ)


«Պիտի ապրենք». Ադրբեջանի զինուժի ռմբակոծությունից փրկված ու Երևան հասած փոքրիկները աշխարհին խաղաղության կոչ են հղել (տեսանյութ)
Հոկտեմբեր 23 21:16 2020

«Պիտի ապրենք, արարենք, պայքարենք՝ հանուն կյանքի, հանուն սիրո ու խաղաղության»․ Արցախի երեխաներն երգի տեսքով աշխարհին խաղաղության կոչ են հղել: Հեղինակը կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է, ով Tert.am-ի հետ զրույցում պատմել է՝ վերցրել է այն բոլոր հույզերն ու ապրումները, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ունեցել և շարունակում են ունենալ աշխարհի հայերը, ու դրանք վերածել մեղեդու, որ «աղավնու պես թռչեն, հասնեն մարդկանց սրտերին»։

 

Խոսքերը գրել է Ասկերանի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը: Սա նրա առաջին փորձն է: Արցախում թողնելով ընտանիքի տղամարդկանց՝ որդուն, ամուսնուն, փեսային, փորձել է ինչ-որ մի բան անել իր երկրի համար. ինչպես ինքն է ասում՝ նայել է անմեղ փոքրիկներին ու մտահղացել խաղաղության երգ ստեղծել: Անկեղծացել է՝ կոմպոզիտոր Գյանջումյանն իրականացրել է իր երազանքը: Նա ոչ միայն անմիջապես ոգևվորվել է այդ գաղափարով, այլև ամեն ինչ արել է, որ իրենց համագործակցության արդյունքում ստեղծված երգը ձայնագրվի և տեսահոլովակ ունենա: Աիդա Գյանջումյանը խոստովանել է՝ խոսքերի վերջնական տարբերակում կա նաև Էդգար Գյանջումյանի ձեռագիրը:

Երգի կատարման համար տեղում ստեղծվել է մանկական երգչախումբ, որոնց մեծ մասը Ադրբեջանի զինուժի ռմբակոծությունից փրկված ու Երևան հասած երեխաներն են: Էդգար Գյանջումյանը նրանց մասին խոսելիս՝ շեշտել է, որ երբ երեխաների շուրթերից արդեն պատրաստի ստեղծագործությունը լսել է, անհավանական տպավորություն է ունեցել՝ կարծես կոչ-երգը հենց փոքրիկների սրտի խոսքն էր։

 

Տեքստը թարգմանել են Մինսկի խմբի համանախագահող երկրների լեզուներով ու տեղադրել համացանցում, իսկ տեսահոլովակը պատրաստվել է լրատվականների պատրաստած ռեպորտաժների կադրերով:

Մանրամասները՝ տեսանյութում։