«Այն, ինչ տեղի է ունենում Անդրկովկասում, քննություն է ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ-ի համար». պատմաբան


«Այն, ինչ տեղի է ունենում Անդրկովկասում, քննություն է ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ-ի համար». պատմաբան
Հոկտեմբեր 19 19:25 2020

EADaily-ի թղթակիցը զրուցել է պատմաբան Օլեգ Հայրապետովի հետ՝ քննարկելով Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Թուրքիայի հավակնությունները, որոնք ի հայտ են գալիս Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկայիս փուլին զուգահեռ:

 

Պատմաբանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի համար պատերազմն Արցախի դեմ կարևորագույն տարր է երկրի ազգային, քաղաքական ինքնագիտակցման ձևավորման հարցում: Մասնագետը շեշտել է, որ 1992-94 թվականների պատերազմում պարտվելով՝ Ադրբեջանը հայտնվել էր փլուզման եզրին, քանի որ հեռանկար էր առաջացել Թալիշ-Մուղանական հանրապետության ստեղծման համար:

«Երկրի ներքին խնդիրներից է քարոզարշավը՝ Ղարաբաղը վերադարձնելու մասին խոսակցություններով: Տոհմական իշխանության սկզբունքներից է Հայաստանը ներկայացնել պատմական թշնամու տեսքով: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երկրին պետք է միավորել պատերազմական հաջողությունների մասին լուրերով: Ղարաբաղի հարցն ուսումնասիրող վերլուծաբաններից շատերի կարծիքով՝ պատերազմը սովորաբար սկսվում է աշնան վերձ ձմռան սկիզբ, քանի որ այդ ընթացքում դժվարանում է ճանապարհներով անցումը Հայաստանի և Ղարաբաղի միջև»,- նշել է մասնագետը:

 

Հայրապետովը կարծիք է հայտնել, որ վերջին 15 տարում Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացել են: «Վրաստանը ժամանակին այնքան էր ոգևորվել այդ հանգամանքով, որ դա ավարտվեց պատերազմով 2008 թվականին: Ադրբեջանում այն ժամանակ ևս սկսեցին ենթադրություններ անել և հատուկ աշխատանք տանել Մոսկվայի հետ»,- ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին էր Թուրքիայի ներդրումը Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու մասին Ալիևի որոշման հարցում՝ Հայրապետովը շեշտել է, որ այն ամենավճռականն էր:  

«Պետք է հասկանալ, որ Բաքուն և Անկարան միասնական քաղաքականություն են վարում: Ալիևին ոչ միայն կանչում են Անկարա և ասում, թե ինքն ինչ պետք է անի, ինչ՝ ոչ: Խոսքը լիակատար միասնական քաղաքական գծի մասին է»,- նշել է պատմաբանը:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է այնպես գործի, որ բոլորին պարզ դառնա, որ Ռուսաստանի բարեկամը լինելը շահեկան է և վտանգավոր՝ թշնամի լինելը: Այն, ինչ տեղի է ունենում Անդրկովկասում, ստուգում է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար: Սա քննություն է. արդյո՞ք Ռուսաստանը գերտերություն է, որի հետ հաշվի են նստում տարածաշրջանում, թե ոչ»,- ասել է Հայրապետովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է գործի Ռուսաստանը ստեղծված իրավիճակում:  

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։